Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստերի աշխատանքը

Ազգային ժողովն ապրիլի 9-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է նիստերի օրակարգը: Որոշ հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են կերի անվտանգության, բուսասանիտարիայի ոլորտներում վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:  Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Կերի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և  ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Պետական վերահսկողության շրջանակում առաջարկվում է ավելացնել  վերահսկողական գործիքները, մասնավորապես՝ Հայաստանում չգրանցված, պիտանիության ժամկետն անցած, մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներով, ինչպես նաև նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում սահմանված պահանջներին ազդող նյութի պարունակության անհամապատասխանության դեպքում նախատեսել  պեստիցիդների (թունաքիմիկատների) և ագրոքիմիկատների վաճառքի կասեցում: Նախաձեռնությամբ սահմանվում են վերահսկվող ապրանքների  ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման դեպքում լիազոր մարմնի կողմից իր իրավասության շրջանակում տրամադրվող թույլատվական փաստաթղթերի ամբողջական ցանկը, ազգային ռեֆերենս լաբորատորիայի հասկացությունը, խմբագրվում է անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի ցանկը:  Տարընկալումներից խուսափելու համար առաջարկվում է  օրենքից հանել բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի բառերը, քանի որ արդեն իսկ  սահմանված են պեստիցիդներ և ագրոքիմիկատներ բառերը: Առաջարկվում են նաև այլ փոփոխություններ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը զեկուցողից հետաքրքրվել է՝ այս նախաձեռնությամբ լուծվելո՞ւ է Հայաստանից Ռուսաստան կաթնամթերք արտահանելու և այնտեղից Հայաստան կաթնամթերք ներմուծելու հարցը, քանի որ Ռուսաստանն արգելել է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումն իր երկիր: «Ամեն օր մտնում ենք խանութ և տեսնում, որ հայկական արտադրանքը գնալով նվազում է, իսկ այն շուկան, որը մեզ արգելել է, որ այնտեղ ապրանք ներմուծենք, նրանց արտադրանքը մեր վաճառասեղաններին դրված է»,- ասել է նա՝ նշելով, որ խնդրի կապակցությամբ տնտեսավարողները դեռևս 5-6 ամիս առաջ են դիմել նախարարությանը:

Փոխնախարարի տեղեկացմամբ հարցն այս օրենսդրական նախաձեռնությամբ չի կարգավորվելու: Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է ընթացք տալ հարցին, ինչին ի պատասխան՝ Տաթևիկ Սարգսյանը դրական է արձագանքել:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:

You may also like...