Հայաստանը և ԵՄ-ն հանձնառու են ընդլայնել և խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում. Ալեն Սիմոնյանը՝ Վասիլիս Մարագոսին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության
պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Եվրոպական
միության միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:
«Հայաստանը եւ Եվրոպական միությունը հանձնառու են ընդլայնել եւ խորացնել համագործակցությունը բոլոր
հնարավոր ոլորտներում: Մենք պատրաստ ենք եւ տանում ենք աշխատանքներ ինստիտուցիոնալ
բարեփոխումների խթանման, ժողովրդավարական խորհրդարանական մշակույթի ամրապնդման,
կարողությունների զարգացման ծրագրերի եւ այլ ոլորտներում ԵՄ-ի հետ շարունակական
համագործակցություն ապահովելու ուղղությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել Հայաստանի խորհրդարանի եւ Եվրոպական միության միջեւ առկա
փոխգործակցությունը` ընդգծելով հարաբերությունների կարեւորությունը:
«Ազգային ժողովն առանցքային դերակատարում ունի Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության
միջեւ հարաբերությունների սերտացման հարցում: Համատեղ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք
հաջողությամբ առաջ մղել այն ծրագրերը, որոնք ձեռնամուխ ենք եղել իրականացնել, եւ հնարավորություն
կունենանք ընդլայնելու Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակը»,- ասել է ԵՄ դեսպանը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում տնտեսական եւ էներգետիկ
ոլորտների զարգացման հեռանկարները, քաղաքական եւ անվտանգային երկխոսության ընդլայնման
հնարավորությունները, Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, ՀՀ քաղաքացիների համար
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը:
Անդրադարձ է կատարվել նաեւ ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի նախագահի եւ
ԱՄՆ պետքարտուղարի միջեւ Բրյուսելում կայացած հանդիպմանը, որտեղ քննարկվել են Հայաստանի
զարգացմանն ու դիմակայունությանն ուղղված հարցեր:
