Էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված, շատ մեծ բողոքներ կան. ակնկալում եմ բացատրություն. Փաշինյան
Բոլոր մարզերում շատ մեծ բողոքներ կան էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դրանից բողոքում են Երևանում, մշակութային ոլորտում, սպորտի ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում: Այն, որ մենք ժամանակին կառավարության նիստի ժամանակ հոսանքի անջատում ունեցանք, բոլորիս համար պետք է ահազանգ լիներ, որ ինչ-որ մի բան այդտեղ այնպես չէ: Ես հանձնարարել եմ, ինձ մոտ առաջիկայում խորհրդակցություն պետք է լինի, և ես ակնկալում եմ նախ բացատրություններ, թե ինչու է այդպես, և մեզ պետք է հստակ ծրագիր, թե ինչպես ենք այդ հարցը լուծելու, և լուծելու շատ արագ: Որովհետև, իմ ընկալմամբ, այդ պրոբլեմը գնալով խորանում է: Այստեղ ՀԾԿՀ-ից և նախարարությունից հստակ ծրագիր եմ ակնկալում, թե ինչպես ենք հնարավորինս արագ այս խնդիրը լուծելու»,-ասաց նա:
Իր հերթին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ որոշակի քայլեր արդեն արել են.
«Վերջին երեք տարում ահռելի մեծացել է նոր միացող բաժանորդների թիվը: Այդ ուղղությամբ մեծ ներդրումներ են արվում, եւ այն ներդրումները, որոնք պետք է ուղղվեին սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանը, այդ հնարավորությունները նվազում է ընկերության մոտ:
Այս ուղղությամբ երեք միջոցառում արել ենք, որ գումարներ ազատվեն ընկերության մոտ: Մասնավորապես, կար սահմանափակում ներդրումների իրականացման, որպեսզի ընկերությունը որոշակի կայուն սակագնային մարժա ունենա, որ սպառողների սակագների վրա չազդի: Այդ սահմանափակումները միացման վճարների ներդրումների մասով հանել ենք: Այսինքն այդտեղ գումարներ են ավելացել, որ կարող են ուղղվել սպասարկման որակի ներդրումներին:
Անցյալ տարի մենք բարձրացրեցինք նոր միացող բաժանորդների վճարները: Սա նույնպես որոշակի գումար է ավելացնելու ընկերությունում»,-ասաց հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ բացի այդ մեկ տարով երկարացրել են միացմանը հատկացված ժամանակահատվածը:
