Հայաստանը ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի աճի լավագույն տեմպերն է ցուցադրում. Օվերչուկ

Մենք տեսնում ենք՝ ինչպես է Հայաստանի տնտեսությունը աճում և զարգանում՝ ցուցադրելով ՀՆԱ-ի աճի լավագույն տեմպերը Եվրասիական տնտեսական միությունում և բոլորս էլ հասկանում ենք, որ նման տնտեսական հաջողություններն առաջին հերթին ձեռք են բերվում Եվրասիական տնտեսական միության հետ ինտեգրացիոն կապերի շնորհիվ։

Դրա մասին այսօր Հայաստանում լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետը հայտնել է, որ ինքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տնտեսական հարցեր է քննարկել։

Ըստ Ալեքսեյ Օվերչուկի՝ այս տարի առաջին վեց ամիսներին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 8,4 միլիարդ դոլարը, ինչը նա հսկայական առավելություն է համարել:  Նա հավելել է, որ դա190 միլիոն մարդ ունեցող շուկա մուտքի թույլտվություն  է:

«Սա, իհարկե, ներառում է առանց մաքսատուրքի առևտուրը և ապրանքների, աշխատուժի, կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժը: Եվ սա այն մշտական ​​աշխատանքն է, որը Եվրասիական տնտեսական միության շրջանակում իրականացնում են մեր բոլոր հինգ երկրները»,- նշել է նա։ Օվերչուկը հավելել է, որ Միության շրջանակում Հայաստանը շատ ակտիվ դրական դերակատարում ունի։

ՌԴ փոխվարչապետը հայտնել է, որ տեղի է ունեցել նաև ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հինգ ժամ տևած հանդիպումը, որտեղ մանրամասն քննարկվել է ամբողջ երկկողմ օրակարգը և որտեղ ՀՀ-ն և ՌԴ-ն իսկապես շատ աշխատանք ունեն միասին անելու։

«Մենք քննարկել ենք տրանսպորտային հաղորդակցության հարցեր, իհարկե, փոխադարձ առևտրի հարցեր, քննարկել ենք հումանիտար ոլորտում համագործակցության հարցերը, քննարկել ենք նաև ավիացիայի և զբոսաշրջությանն առնչվող հարցեր»,- նշել է Ալեքսեյ Օվերչուկը։

Նա հատկապես կարևորել է երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացումը։

«2023 թվականին Ռուսաստանից որպես զբոսաշրջիկ է եկել մոտ 1 միլիոն մարդ։ Հայաստանը մեծ պահանջարկ ունի որպես զբոսաշրջային ուղղություն։ Մեր ժողովուրդը սիրում է այստեղ գալ։ Այստեղ նրանք միշտ զգում են հայ ժողովրդի և հայկական հողի ջերմությունը, բարեկամությունը, ուստի կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր երկրների միջև այդ կապերն ամրապնդվեն»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։

You may also like...