Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները. Hindustan Times
Հայաստանը Հնդկաստանի օգնությունն է ակնկալում՝ արդիականացնելու համար ռուսական Սու-30ՍՄ իր կործանիչները, գրում է Hindustan Times-ը՝ վկայակոչելով Հայաստանի ռազմաօդային ուժերի վարչության պետ Հովհաննես Վարդանյանին:
Սու-30-ի արդիականացումը, որն ակնկալում է Հայաստանը, ներառում է ավիոնիկա, ռադիոէլեկտրոնային պատերազմի սարքավորումներ և զենք, մանրամասնում է աղբյուրը:
«Մենք մեր Սու-30-ների արդիականացումը դիտարկում ենք Hindustan Aeronautics Limited-ի (HAL) օգնությամբ, քանի որ այն ոլորտում մեծ փորձ ունի»,- բազմակողմ հանդիպման շրջանակում Hindustan Times-ին ասել է Հովհաննես Վարդանյանը:
Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյան ևս հաստատել է, որ Հայաստանը հետաքրքրված է Սու-30-ի արդիականացման հարցում ներգրավել HAL-ին։
«Դրա շուրջ ինչ-որ խոսակցություն է տեղի ունենում, բայց դա սկզբնական փուլում է», — ասել է հնդիկ պաշտոնյան՝ խնդրելով չհրապարակել իր անունը: