ԲՏԱՆ-ում քննարկվել են Google-ի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը
Google ընկերության հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով ընդունել է Հայաստանում  առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող Google ընկերության պատվիրակությանը:

Նախարարը, անդրադառնալով ԲՏԱ նախարարության գործունեության շրջանակներին, ընկերությանը ներկայացրել է ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթությունները, համագործակցության ակնկալվող ոլորտները, մասնավորապես, արհեստական բանականության և ամպային լուծումների ոլորտում,
որոնք  կխրախուսեն Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել  են Google ընկերության հետ համագործակցությունն առավել գործուն մակարդակի հասցնելու հնարավորությունները, անդրադարձ է եղել նաև Հայաստանում YouTube-ի
դրամայնացման ակտիվացման խնդրին, ինչպես նաև Google քարտեզների ճշգրտման հարցերին:

«Google-ի տարբեր ծառայություններ հասանելի են մեր երկրում, սակայն մենք տեսնում ենք ավելի մեծ ներուժ երկկողմ հարաբերությունները զարգացնելու առումով՝ ամպային ծառայություններից մինչև արհեստական բանականության կիրառումը տարբեր ոլորտներում»- ընդգծել է նախարարը:

Ընկերության ներկայացուցիչները, անդրադառնալով համագործակցության նախադրյալներին և հնարավորություններին, ներկայացրել են իրենց առաջարկությունները՝ մշակույթի պահպանումից մինչև տեխնոլոգիական ոլորտ՝ առանձնահատուկ կարևորելով Հայաստանում մարդկային ռեսուրսի դերն ու
նշանակությունը:

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել ձեռք բերված պայմանավորվածություններն ապագայում կյանքի կոչելու, երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ:

«Լիահույս եմ, որ բաց երկխոսության միջոցով հնարավոր է հասնել արդյունավետ, հասցեական և թիրախային համագործակցության»,- նշել է նախարար Հայրապետյանը:

You may also like...