Մեր ձախողումն այն է, որ անվտանգային սպառնալիքի դեպքում Մոսկվա էինք զանգում, հիմա այդպես չէ․ ԱԽ քարտուղար

 Տարածաշրջանյացման քաղաքականությունը երբեք հակաարեւմտյան չէ, եւ մեր արեւմտյան քաղաքականությունը երբեք հակատարածաշրջանյացման չէ, դրանք բալանսավորված են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին,  Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովի պանելային քննարկմանը հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Երբ ասում ենք՝ բալանսավորում, դա նշանակում է նաեւ տարածաշրջանի մեր գործընկերների հետ աշխատանք, դա նշանակում է արտատարածաշրջանային մեր գործընկերների հետ աշխատանք, դա նշանակում է աշխատել եւ Արեւմուտքի հետ, եւ հեռավոր Ասիայի երկրների հետ՝ Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա եւ այլն:

Մի հավատամք կա Հայաստանի  հանրային դիսկուրսում, որ մեր ժողովրդավարության պաշտպանությունը հնարավոր է Արեւմուտքի հետ հարաբերություններ կոնտեքստում: Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ 2018-ի հեղափոխությունը եւ 2021-ի շատ ծանր քաղաքական պրոցեսները Հայաստանն անցել է ամենածխանր աշխարհաքաղաքական միջավայրում: Հայաստանի ժողովրդավարությունը հաջողություն է ունեցել, որովհետեւ ՀՀ ժողովուրդն ուզեցել է ժողովրդավար ապրել: Ոչ ոք դրսից մեր ժողովրդավարությունը չի կայացնելու: Դա լինելու է միայն մեր որոշումով:

Ես շատ սխալ եմ համարում մեր ժողովրդավարությունը կապել արտաքին միջավայրի հետ: Հենց դա կապեցինք արտաքին միջավայրի հետ, մենք մեծ ձախողում ենք ունենալու»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

Նա մանրամասնեց. «Մեր ձախողումն ո՞րն է եղել.  առաջնային անվտանգության համակարգի մեխանիզմը սա է եղել. անվտանգության սպառնալիքի դեպքում զանգել Մոսկվա, ուրիշ որեւէ տարբերակ կամ մեխանիզմ չկա: Այժմ այդպես չէ, այժմ առաջնահերթ մենք ենք որոշում որոշումներ կայացնել»,- ընդգծեց ԱԽ քարտուղարը:

You may also like...