Սահմանվել է բարձրագույն կրթության եռաստիճան մակարդակ. շնորհվելու են բակալավրի, մագիստրոսի եվ դոկտորի որակավորումներ. նախագիծ

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Բարձրագույն կրթության և գիտության» մասին ՀՀ օրենքի նախագծի ներկայացում:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է` բարեփոխումների գործընթացում համապատասխան օրենսդրության առկայությունը ամենակարևոր նախապայմաններից մեկն է, քանի որ այն ինստիտուցիոնալ գործիքակազմ է հաղորդում այդ աշխատանքներին։  «Այս օրենքի շուրջ աշխատանքը նոր չէ․ նախորդող ժամանակահատվածում ունեցել ենք Ազգային ժողովի կողմից դրա մի տարբերակի ընդունում։ Օրենքի՝ բուհերի կառավարմանն առնչվող երկու դրույթներ ճանաչվել են Սահմանադրությանը հակասող, ինչով պայմանավորված այն ուժի մեջ չի մտել։ Իհարկե, կարելի էր այդ դրույթների շուրջ աշխատել, սակայն մենք գնացինք այլ ճանապարհով։

Օրենքն ամբողջովին վերանայվել է՝ հաշվի առնելով, որ 2022 թվականին ընդունված Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախանշվել են ռազմավարական զարգացման ուղղությունները, սահմանվել է բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացը, ինչպես նաև մեծ ծավալի աշխատանք է տարվել «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի և ծրագրի իրականացման շուրջ»,–ասել է նախարարը։

«Իրականում օրենքի նախագիծը չէր կարող այդ երկու դրույթի փոփոխությամբ նորից շրջանառվել, որովհետև այս ինստիտուցիոնալ փոփոխությունները և ռազմավարական մոտեցումները պահանջում էին վերադառնալ հայեցակարգային տրամաբանությանը։ Հետևաբար, բազմաթիվ հարցեր վերանայվել են, և օրենքի նախագիծն այժմ շատ ավելի ամբողջական է»,–նշել է Ժաննա Անդրեասյանը՝ խորհրդի անդամներին մաղթելով արդյունավետ քննարկում։

Օրենքի նախագիծը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը՝ անդրադառնալով փաստաթղթով առաջարկվող  հիմնական փոփոխություններին:

Նրա խոսքով՝ նախագծով նախ հստակեցվել են բարձրագույն կրթության որակին ներկայացվող պահանջները․ կգործի լիցենզավորման և հավատարմագրման մեկ միասնական կառույց ամրագրելով լիցենզավորման և հավատարմագրման նոր պայմաններ՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Միաժամանակ, բուհերը կարող են հավատարմագրվել նաև համապատասխան որակավորում ունեցող արտերկրի կազմակերպությունների կողմից, սակայն վերջիններիս համար սահմանվել են ՀՀ-ում գործունեություն իրականացնելու համապատասխան չափանիշներ: «Այսինքն՝ ավելի բարձր նշաձող է սահմանվել՝ բուհերի որակավորման ստանդարտները համապատասխանեցնելու միջազգային չափանիշներին»,-նշել է Սարգիս Հայոցյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար՝ առաջարկելով բոլոր դիտարկումները ներկայացնել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որոնք կքննարկվեն և, ըստ անհրաժեշտության, կներառվեն նախագծում։

You may also like...