Եղբայրական եզդի ժողովուրդը կանգնած է եղել Հայաստանի պետականության ակունքներում. Ժաննա Անդրեասյան

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում տեղի է ունեցել եզդի ժողովրդի ազգային հերոս, Մայիսյան հերոսամարտերի պատմական հաղթանակներում մեծ ավանդ ու ներդրում ունեցած զորահրամանատար Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը։

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիսության մեկնարկը տրվել է Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, որտեղ հոբելյանական միջոցառման շրջանակում տեղի է ունեցել Ջահանգիր աղայի կիսանդրու բացման արարողությունը:

Թանգարանի Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված ցուցադրության մեջ տեղ գտած եզդի աշխարհազորայիններին նվիրված ցուցահամալիրն այսօր հարստացել է նաև զորահրամանատար Ջահանգիր աղային նվիրված նյութերով ու արխիվային փաստաթղթերով։

Կիսանդրու բացմանը հաջորդել է հոբելյանական հանդիսությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ԱԺ պատգամավորներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, մտավորականներ, Ջահանգիր աղայի ժառանգները և բազմաթիվ հյուրեր։

Միջոցառումն իրականացվել է Վաքիլ Խատոևի և Ջահանգիր աղայի հետնորդների աջակցությամբ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ խորհրդանշական է Հայաստանի «Սարդարապատ» ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանում անցկացնել Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որտեղ ժամեր առաջ տեղադրվել է նաև զորահրամանատարի կիսանդրին:

Նախարարը նաև փաստել է, որ ազգային փոքրամասնությունների խնդիրները մշտապես եղել են մեր պետության ուշադրության և հոգածության ներքո․ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշտապես աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամաuնությունների մշակութային ինքնության պահպանմանը և զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաuտում նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների uտեղծմանը:

Վերջերս վարչապետի մարզային այցերից մեկի ժամանակ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում էինք, որտեղ միաժամանակ կառուցվում էին մանկապարտեզ, մարզադպրոց, համայնքային կենտրոն։ Եվ սա ցույց է տալիս այն մեծ ուշադրությունը, որ Կառավարությունը շարունակաբար ցուցաբերում է, աջակցում ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորմանը, որակյալ կրթական և մշակութային կյանքի ստեղծմանը։

Այս քաղաքականությունը շարունակում ենք պետական բյուջեի միջոցներով` ամեն տարի հրատարակելով, վերահրատարակելով եզդիերենի դասագրքեր»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ այս քաղաքականությունը շարունակաբար ընդլայնվելու և խորանալու է։

You may also like...