Հայկական բիզնեսը հետաքրքրված է Կուբայի հետ համագործակցությամբ. Միխնեվիչ
Հայ գործարարները հետաքրքրված են Կուբայի գործընկերների հետ համագործակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԵԱՏՄ գործարար խորհրդի գործադիր քարտուղար Սերգեյ Միխնևիչը։Երևանում այս օրերին անցկացվում է Եվրասիական տնտեսական III համաժողովը, որին մասնակցում են նաև ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ունեցող Կուբայի ներկայացուցիչները։
«Եվրասիական ֆորումի ընթացքում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության մեր գործընկերները խոսում էին այն քայլերի մասին, որոնք կարելի էր ձեռնարկել, որպեսզի հայկական բիզնեսն ավելի ակտիվ աշխատի կուբայական գործընկերների հետ», – նշեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ նախօրեին անցկացվեց ԵԱՏՄ–Կուբա երկխոսությունը, որի համակարգողը Միխնևիչն էր։ Թե՛ կուբայական, թե՛ եվրասիական կողմի մասնակիցների բարձրացրած հարցերը կապված էին ԵԱՏՄ–ից գործընկերների առավելագույն ներգրավվածության անհրաժեշտության հետ։
Գործարար խորհրդի գործադիր քարտուղարն ընդգծեց, որ այսօրվա դրությամբ լուրջ ասիմետրիա կա, քանի որ ԵԱՏՄ–Կուբա առևտրի ավելի քան 90%–ը ՌԴ մասնաբաժինն է։ Հետևաբար Կուբայի հետ հարաբերություններում միության երկրների ընդհանուր հաջողության համար կարևոր է նաև միության անդամ մյուս երկրների ներգրավվածությունը։
Միխնևիչի խոսքով` կուբայական կողմը հետաքրքրված է ագրոարդյունաբերական համալիրի, լոգիստիկայի և արդյունաբերական ոլորտներում համագործակցությամբ։ Լոգիստիկ խնդիրներին առնչվող հարցերի լուծման համար Կուբայի ներկայացուցիչներն առաջարկել են առանձին կոմիտե ստեղծել ԵԱՏՄ գործարար խորհրդի և Կուբայի առևտրային պալատի բիզնես երկխոսության շրջանակում։
Նա ընդգծեց, որ բիզնեսը բացարձակ ուղենիշ է համարում եվրասիական տնտեսական ինտեգրումը և շատ կարևորում է դրա աստիճանական զարգացումը։ Միխնևիչը եզրափակեց, որ ԵԱՏՄ երկրների տնտեսությունների, ժողովուրդների բարեկեցությունն ու ընկերությունների հաջողությունները խիստ կապված են գործընկերների` ի դեմս այլ երկրների դիտորդների հետ հաջող հարաբերությունների կառուցմամբ։
