Հանցագործությունների թիվը Հայաստանում 2023թ.-ին 2019 թվականի համեմատ աճել է 51,4 տոկոսով
Հայաստանում 2023 թվականին գրանցված հանցագործությունների թիվը 2019 թվականի համեմատ աճել է 13816-ով կամ 51,4%-ով։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 15-ին երկրում հանցավորության իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ 2019-2024 թվականներին հանրապետությունում արձանագրված հանցագործությունների թվային ցուցանիշները հետևյալն են՝ 2019 թվականին՝ 26850, 2020 թվականին՝ 26468, 2021 թվականին՝ 30245, 2022 թվականին՝ 37626, 2023 թվականին՝ 40666, իսկ 2024 թվականի հունվար-օգոստոսին՝ 24567։
«Արձանագրված հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը փոքր և միջին ծանրության հանցագործություններ են։ Այսինքն՝ դրանք ցածր հասարակական վտանգ են ներկայացնում»,- վստահեցրեց Վարդապետյանը։
Նրա խոսքով, թեև 2019-2023 թվականներին ծանր հանցագործությունների քանակական աճ է գրանցվել 1626-ով կամ 36,2%-ով, նրանց տեսակարար կշիռը հանցավորության ընդհանուր մակարդակում նվազել է 1,7%-ով։