ՏՏ ոլորտի համար 7-ամյա ծրագիր է առաջարկվում. նախատեսում է շրջանառության հարկը 5 %-ից հասցնել 2 %-ի
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում հավանություն տվեց «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին եւ դրանք համարեց անհետաձգելի:
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացնելով նախագիծը, նախ ներկայացրեց, թե ինչ աջակցություն է տրվում պետության կողմից բարձր տեխնոլոգիաների զարգացմանը:
«Պետք է նշեմ, որ տարիների ընթացքում կառավորությունը մի շարք պետական աջակցության ծրագրեր է առաջարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու նպատակով: Այս տարում դեռևս գործող մի քանի կարգավորումներ կան, մասնավորապես, մինչև տարեվերջ գործում է ՏՏ ոլորտի աջակցության ծրագիրը, որով փոքր՝ մինչև 30 հոգանոց ընկերություններին տրվում են հավաստագրեր, իսկ դա ենթադրում է, որ սահմանվում է 20 տոկոսի փոխարեն 10 տոկոսի եկամտային հարկի շեմ։
Դրանից զատ, նաև ունենք աշխատաշուկա նոր մուտք գործող աշխատակիցների մասով 50 տոկոսի չափով եկամտահարկի վերադարձ ընկերություններին: Պետական աջակցության այս ծրագիրը ևս ավարտվում է տարեվերջին»,- ասաց Հայրապետյանը:
Նախարարը հավելեց, որ վերջին ամիսներին քննարկում էին, թե ինչպես կարող է կառավարությունն ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել՝ ընդհանրապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը զարգացնելու և ռազմավարական ուղղություններում ներդրումներ կատարելու համար:
«Պետք է առաջարկել ավելի երկարաժամկետ պետական աջակցության ծրագիր, որը կայունություն ու կանխատեսելիություն կապահովի: Մենք առաջարկում ենք պետական աջակցության մի համապարփակ մեծ փաթեթ՝ 7 տարիների համար, մինչեւ 2032 թվականը:
Առաջին ուղղությունը աշխատակիցների մուտքը տեխնոլոգիական համայնք խթանելու նպատակ ունի․ մինչև 30 հոգանոց ստարտափներին առաջարկել եկամտահարկերի 100 տոկոս վերադարձ աշխատաշուկա նոր մուտք գործող աշխատակիցների մասով․ սա խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը․ այն վերաբերում է բուհերի հետ համագործակցությանը, ինչպես նաև այն աշխատակիցների մուտքին, որ երբեք տեխնոլոգիական ոլորտում ներգրավված չեն եղել, 31 և ավելի աշխատակից ունեցողների դեպքում նախատեսվում է եկամտահարկի 50 տոկոս վերադարձ»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ երկրորդ ուղղությունը վերաբերում է աշխատանքային միգրանտներին․ տեխնոլոգիական համակարգում աշխատանքային միգրանտների ներգրավողների համար նախատեսվում է եկամտահարկի 50 տոկոսի վերադարձ ապահովել՝ սրանով խրախուսելով միջազգային շուկաներում գործունեություն իրականացնող աշխատակիցներին ներգրավել դեպի հայաստանյան ընկերություններ, բարձրացնել մասնագիտական կարողությունները և տեխնոլոգիական տրանսֆեր իրականացնել։
Երրորդ ուղղությունն, ըստ նախարարի, կրթությանն է վերաբերում, այն է՝ խրախուսել մասնագետների վերապատրաստմանը․ փոքր ստարտափ ընկերությունների դեպքում նախատեսվում է մեկ եռամսյակի համար վերադարձնել 50 տոկոս եկամտահարկ, 31 և ավելի աշխատակից ունեցողների համար՝ 25 տոկոս։
«Չորրորդ ուղղությունը գիտահետազոտական աշխատանքների խթանումն է։ բոլոր այն ընկերությունները, որ կանեն գիտահետազոտական աշխատանք, այնտեղ ներգրավված աշխատակիցների եկամտահարկը 20-ից կիջնի 10 տոկոս։ ՀՀ-ն ծառայություններ մատուցողից պետք է դառնա պրոդուկտներ մատուցող, մատակարարող և միջազգային շուկաներին առաջարկող երկիր»,- ասաց Հայրապետյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ միգրանտների համար պարտադիր համարվող կուտակային կենսաթոշակների վճարումները մտադիր են դարձնել կամավոր։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ կառավարության ծրագրով նպատակ ունեն չեղարկել գործող արտոնությունները և նոր արտոնություն չտալ, ուստի սա արտոնություն չէ, այլ աջակցություն է ոլորտին։
«Մենք ոչ թե եկամտահարկը իջեցնում ենք 10 տոկոսի, այլ տնտեսվարողին ասում ենք՝ եթե ներդրում կատարեք կրթության մեջ, մենք այդ չափով կվճարենք ձեր ծախսը»,- ասաց նա։