Հայաստանը չի համաձայնել իր տարածքում հաղորդակցության անվտանգության ապահովմանը երրորդ երկրների կողմից. Փաշինյան (տեսանյութ)

Այսօրվա «ԲՐԻԿՍ եւ Գլոբալ Հարավ» հանդիպման թեման ավելի լավ աշխարհի կառուցումն է», եւ այս համատեքստում լավ է ներգրվում Հայաստանի կառավարության ազդարարած «Խաղաղության խաչմերուկ» տրանսպորտային-հաղորդակցային նախագիծը։ Այս մասին ԲՐԻԿՍ գագաթաժողովում հոկտեմբերի 24-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախագծի էությունը հետեւյալն է. Հայաստանը պատրաստ է եւ շահագրգռված է իր տարածքում կազմակերպել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղեւորների, խողովակաշարերի, մալուխային ուղիների անցում։

Դա ամենակարճ երթուղին է Սեւ ծովով եւ Պարսից ծոցով Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի տարածքով։ Դա  Հյուսիս-Հարավ ուղղությունն է։

Դա նաեւ ամենակարճ երթուղին է Կասպից եւ Մարմարա ծովերի միջեւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով։ Դա Արեւելք-Արեւմուտք ուղղությունն է։

Այդ երթուղին կարելի է օգտագործել նաեւ տրանսպորտային-հաղորդակցային կապի համար Ադրբեջանի եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ։

Հաշվի առնելով այս մոտեցումը՝ մենք Ադրբեջանին առաջարկեցինք սահմանային եւ մաքսային  վերահսկման պարզեցված մեխանիզմներ, ինչպես նաեւ անվտանգության լրացուցիչ միջոցների ապահովում՝ հաշվի առնելով երկու երկրների ինքնիշխանության լիակատար հարգումն ու իրավադատությունը։

Հայաստանն ի վիճակի է ապահովել եւ լիարժեք ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց անցումն իր տարածքով։

Դա մեր ցանկությունն  է, մեր պարտավորությունը, եւ մենք դա երաշխավորում ենք եւ կերաշխավորենք միշտ։

Բոլոր պնդումներն այն մասին, որ Հայաստանն ինչ-որ ձեւով իբր համաձայնել է, որ որեւէ երրորդ երկիր կապահովի հաղորդակցության անվտանգությունն իր ինքիշխան տարածքում կամ որեւէ փաստաթղթով նախատեսված է նման բան, չի համապատասխանում իրականությանը»,- նշել է Փաշինյանը։

You may also like...