Լրացում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից որպես խնդիր եւ, ըստ այդմ, որպես բարեփոխման առաջնահերթություն է արձանագրվել օրենսդրական ակտով հակակոռուպցիոն մոնիթորինգի եւ գնահատման գործառույթն ամրագրելու անհրաժեշտությունը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 2-ի նիստում՝ ներկայացնելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում առաջարկվող լրացումը:

Նա նշել է, որ թեեւ ՀՀ արդարադատության նախարարությունը փաստացի իրականացնում է այդ գործառույթը, այնուամենայնիվ, անհրաժեշտություն է առաջացել օրենքով հստակ ամրագրել նման իրավասություններ՝ տարընկալումները բացառելու եւ նշված գործառույթների իրականացման համար հստակ իրավական հիմք ապահովելու նպատակով:

Առաջարկվել է սահմանել, որ «հավելվածով նախատեսված գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականության իրականացումը ենթադրում է նաեւ նախարարությունների կողմից համապատասխան ոլորտում կառավարության քաղաքականության իրականացման մոնիթորինգ եւ գնահատում»:

Հարակից զեկուցողն առաջարկել է դրական եզրակացություն տալ նախագծին:

Քննարկված օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

You may also like...