Բալասանյան դաշինքից 5 ավագանու անդամի թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ինքնաբացարկի դիմումներ է ստացել «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակում ընդգրկված 5 ավագանու անդամների թեկնածուներից՝ Հովսեփ Մարտիրոսյան, Մենուա Մկրտչյան,  Հասմիկ Սամսոնյան, Հովիկ Հակոբյան, Սուրեն Ջանոյան։ Սուրեն Ջանոյանը համայնքապետի տեղակալն է եւ ներկայում տնային կալանքում է։

Ինքնաբացարկի դիմումները քննարկելու եւ որոշում կայացնելու նպատակով ընտրական հանձնաժողովն այսօր նիստ էր հրավիրել։ Նիստին մասնակցում էր հանձնաժողովի 7 անդամից 6-ը։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանի խոսքով՝ բացակա անդամը մասնակցում է վարժական հավաքների։

Հանձնաժողովը առանձին քննարկեց ինքնաբացարկի դիմումները եւ միաձայն կողմ քվեարկեց։  Այսպիսով, հանձնաժողովի միաձայն որոշմամբ 5 անձինք էլ դուրս եկան «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ընտրական ցուցակից։ 5 անձինք էլ ավագանու մանդատ չունեն։

Ինքնաբացարկի բոլոր դիմումները ներկակայացվել են նոտարական վավերացմամբ։ Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ այս դեպքում դիմումատուն նիստին ներկա լինելու պարտականություն չունի։

«Եթե ձեռագիր լիներ կամ առանց վավերցման, ապա անպայման նրանք պետք է ներկա լինեին եւ հավաստեին իրենց ինքնաբացարկը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Տ․Ղազարյանը եւ նշեց, որ ինքնաբացարկի պատճառ չեն նշել։ Այդ պահանջը եւս օրենքով պարտադիր չէ։

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ընտրական ցուցակում մնացել է մեկ անձ՝ Էմմա Հովհաննիսյանը, որը չունի ավագանու մանդատ։ Նա ինքնաբացարկի դիմում դեռեւս չի ներկայացրել հանձնաժողովին։ Տ․Ղազարյանի խոսքով՝ Է․Հովհաննիսյանը Հայաստանում չէ։

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ եթե ավագանու մանդատներից հրաժարվի «Բալասանյան» դաշինքի ողջ թիմը, ընտրացուցակում ընդգրկված այդ մեկ հոգին ստանալու է ավագանու մանդատ՝ որպես հերթական հաջորդ թեկնածու։

«Բալասանյան դաշինք» խմբակցության որպես ներկայացուցիչ՝ նիստին ներկա էր համայնքի ղեկավարի խորհրդական Մենուա Մկրտչյանը, ով եւս ավագանու անդամի թեկնածությունից հրաժարման վերաբերյալ դիմում էր ներկայացրել։ Մ․Մկրտչյանը հրաժարվեց ինքնաբացարկի եւ այլ հարցերի շուրջ հարցազրույց տալ լրագրողներին։

Այս ինքնաբացարկներից որոշ ժամանակ անց, հավաստի տեղեկություններով, «Բալասանյան դաշինք» խմբակցության ավագանու անդամներն իրենց մանդատներից հրաժարման վերաբերյալ դիմումներ կներկայացնեն համայնքի ղեկավարին։ Համայնքի ղեկավար Վ․Սամսոնյանի հրաժարականը եւս կմիանա այս դիմումներին եւ կուղարկվի թիվ 31 ԸԸ հանձնաժողով։

Խմբակցությունը քաղաքի կառավարումից հրաժարման մասին արդեն ունի կայացրած որոշում, միայն թե դեռեւս չի հրապարակվում։

Ամենայն հավանականությամբ, Գյումրիում հաջորդ տարում կկայանան արտահերթ ՏԻՄ ընտրություններ։ Դեռեւս վաղ է խոսել՝ «Բալասանյան դաշինքն» առանձի՞ն, թե՞ որպես կոալիցիա արտահերթ ընտրություններին կմասնակցի։

Իսկ «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն ունի թեկնածու։ Նա ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն է։ Որպես քաղաքապետի թեկնածու՝ Կ․Սարուխանյանի անունը Գյումրիում դեռեւս շրջանառվում էր 2-3 շաբաթ առաջ։

Գյումրու ավագանու մյուս խմբակցությունները դեռեւս հրապարակային գրառումներ չունեն, բացառությամբ՝ «Ապրելու երկիր» խմբակցության։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...