Ուզբեկստանի խորհրդարանի ընտրություններում հաղթել է իշխող կուսակցությունը

Իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթել է Ուզբեկստանի խորհրդարանի ընտրություններում՝ ամրապնդելով իր դիրքերը։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Զայնիդդին Նիզամխոջաևը, գրում է Gazeta.uz-ը։

Առաջին անգամ ընտրություններն անցկացվել են խառը համակարգով՝ 75 մանդատ բաշխվել է ըստ կուսակցական ցուցակների, 75-ը՝ միամանդատ ընտրատարածքներում։ Ընտրություններին մասնակցել է հինգ կուսակցություն։ Բոլորն անցել են խորհրդարան։

Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է 64 մանդատ (42,7%), դեմոկրատական «Միլլի Տիկլանիշ»-ը՝ 29 մանդատ, սոցիալ-դեմոկրատական «Ադոլաթ»-ը՝ 21, Ուզբեկստանի Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը՝ 20, Էկոլոգիական կուսակցությունը՝ 16։

Վերջին 15 տարիների ընթացքում խորհրդարան են անցնում նույն իշխանամետ ուժերը, մինչդեռ ընդդիմադիր կուսակցություններին մերժում են գրանցման հարցում, նշում է «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությունը։

You may also like...