Արագածոտնի մարզպետի համոզմամբ՝ սուբվենցիոն ծրագրերը համայնքների զարգացման ամենամեծ խթանն են

Հայաստանի Արագածոտնի մարզում կառավարության համաֆինանսավորմամբ (սուբվենցիոն) իրականացվող ծրագրերի ծավալները տարեցտարի կրկնակի աճել են՝ 2018 թվականից ի վեր։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն՝ ընդգծելով, որ սուբվենցիոն ծրագրերը համայնքների զարգացման ամենամեծ խթանն են։

Մարզպետի տեղեկատվությամբ՝ Արագածոտնի մարզում 2018 թվականից մինչև 2023 թվականն ավելի քան 16 միլիարդ դրամի չափով մոտ 284 սուբվենցիոն ծրագիր է իրականացվել։

«Ամեն տարի, կարելի է ասել, կրկնակի անգամ ավելացել են սուբվենցիոն ծրագրերը։ Օրինակի համար՝ 2018-2023 թվականներին ավելի քան 16 միլիարդ դրամի ծրագրեր են իրականացվել, բայց եթե համեմատություն անցկացնենք 2024 թվականի հետ, ապա այս տարի ներկայացվել է 23 ծրագիր՝ 13 միլիարդ դրամ արժողությամբ»,-նշեց Մովսիսյանը՝ հավելելով, որ իրականացվող ծրագրերը բազմազան են, հիմնականում ենթակառուցվածքների բարելավմանն են ուղղված։

«Ամեն համայնք իր ծրագիրն է ներկայացրել, բայց,  քանի որ բոլորիս հայտնի է, որ երկար ժամանակ ենթակառուցվածքների վրա գումար չի դրվել, հիմնականում ճանապարհների ասֆալտապատման ուղղությամբ են սուբվենցիաներ իրականացվել, աշխատանքներ են իրականացվել նաև կառավարության առաջնահերթությունների ուղղությամբ։ Մասնավորապես՝ կառավարությունն առաջնահերթություն է տվել մանկապարտեզների շինարարությանը զարկ տալուն, որի արդյունքում սուբվենցիոն ծրագրերով մարզում 11 մանկապարտեզ է վերակառուցվել ու կառուցվում, որոնց մի մասն արդեն գործում է»,-տեղեկացրեց Մովսիսյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը  «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում հաստատել է Արագածոտնի մարզում  25 դպրոցի կառուցման և վերակառուցման որոշումը։

«Դրանցից մի մասն արդեն գործում է։ Մասնավորապես՝ Օհանավանի դպրոցը, որի բացումը վերջերս վարչապետի գլխավորությամբ արվեց, իսկ մնացածները բուռն շինարարության մեջ են»,-ասաց մարզպետը։

Անդրադառնալով համայնքներում մեծածավալ սուբվենցիոն  ծրագրերի իրականացման ներուժի առկայության հարցին՝ Մովսիսյանը նշեց, որ ոչ միայն համայնքները, այլ նաև մարզերը չեն ունեցել համապատասխան կարողություններ ներկայում իրականացվող  շինարարության  ծավալները իրականացնելու համար։

«Ցավոք, պիտի նշեմ, որ մինչև հիմա էլ չունենք, որովհետև այս պահին մեր ունեցած ռեսուրսներով չենք հասցնում կառավարության ծրագրերի հետևից։ Շինարարության ծավալներն այնպիսինն են, որ մեր ռեսուրսները՝ թե՛ մարդկային, թե՛ ուղղակի կարողությունների առումով չեն բավականացնում։ Այս սուբվենցիոն ծրագրերի ընթացքում բավականին շատ համայնքներ իրենց կարողություններն ավելացրել են»,-պարզաբանեց Մովսիսյանը՝ ավելացնելով, որ  նախկինում  որևէ մանկապարտեզ կամ դպրոց կառուցելու համար բազմաթիվ խնդիրներ են առաջացել, հիմա  նույն շինարարն արդեն երկրորդ, երրորդ անգամ կառուցելով տիպային դպրոցը, բավականին փորձ ու հմտություն է ձեռք բերել։

«Վստահ եմ, որ կառավարության կողմից կատարվելիք աշխատանքների ընթացքում մեր հնարավորություններն ավելի կմեծացնենք»,-համոզմունք հայտնեց մարզպետը։

Նրա խոսքով՝ մեծացել են նաև համայնքային բյուջեներն ու ֆինանսական կարողությունները՝ պայմանավորված կառավարության կողմից դոտացիաների շեշտակի ավելացմամբ։

«Կարելի է ասել գումարային խնդիր մենք չենք ունեցել։ Մեր միակ խնդիրը շինարարական աշխատանքների թերություններն են և ժամկետների խախտումները, բայց՝ ի ուրախություն մեզ, բավականին լավ ռեզոնանս կա դեպի դրականը»,-ընդհանրացրեց Արագածոտնի մարզպետը։

You may also like...