Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը եվ Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիր և Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցի, որոնք նորոգվում ու վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրում կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նաև Այգեհովիտի վարչական ղեկավարը, կապալառու ընկերության, ինչպես նաև որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:
Քննարկման ընթացքում վերանայվել և հստակեցվել է Սրվեղ վանական համալիրի Սուրբ Աստվածածին և Սուրբ Նշան եկեղեցիների վերականգնման նախագծով նախատեսված աշխատանքների իրականացման հաջորդականությունը:
Արդյունքում որոշում է կայացվել աշխատանքները սկսել Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումից:
Աշխատանքային խումբն այնուհետև այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղում գտնվող 19-րդ դարի նորահայտ հուշարձան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի:
Մասնագետները տեղում ծանոթացել են իրականացված վերականգնման աշխատանքներին, ներկայացրել իրենց դիտարկումները և տվել համապատասխան հանձնարարականներ: