Թող իմ թիկունքում քննարկեն, երբ ինձ տեղյակ կպահեն, ես էլ կարձագանքեմ. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փոթորիկ ու քաոտիկ շարժում անվանեծ նախօրեին տարածված լուրը, թե ՔՊ-ականները մտադիր են բարձրացնել իրեն ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը:
«Դա չի համապատասխանում իրականությանը»,-Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
«Խմբակցությունում քննարկվում են տարաբնույթ, շատ սուր հարցեր, բայց կոնկրետ այս լուրի հետ կապված քննարկում ֆրակցիայում տեղի չի ունեցել: Եղել է հանդիպում վարչապետի հետ, եւ օրը հերիք չարեց ներքին խնդիրներին վերաբերող մտահոգությունները քննարկելու համար, քանի որ քննարկվում էին արտաքին քաղաքական հարցեր:
Պայմանավորվել ենք, որ ժամանակ կգտնվի հաջորդիվ այդ հարցին մոտենալու: Նպատակ կար, որ պետք է երկուշաբթի դա լիներ, բայց մեր հանձնաժողովի փակ քննարկումները սովորաբար ձգվում են մինչեւ ժամը 9-ը: Շահարկումներ եղան, թե ինչու է ձգվում այդ նիստը, բայց ձգվելու հարց չկար: Եթե նման բան լիներ ընդդիմությունը մինչեւ ժամը 9-ը չէր մնա»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Անդրադառնալով նրան, որ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ հայտնի լսումների ժամանակ գլխավոր դատախազը նախագահությունում էր նստած, մինչդեռ մյուսները շարքերում էին, նա ասաց. «Այդ հարցը շահարկվեց: Անվտանգության խորհրդի անդամներ կան, որ ներքեւում էին: Երբ ես մի առիթով հարցրեցի՝ ի՞նչ դժգոհություններ կան, ԱԽ անդամները, որ ներքեւում էին, ասացին՝ իսկ մեզ հարցրե՞լ են, մենք դժգո՞հ ենք, թե ոչ: Իրականում ոչ մի դժգոհություն չկար:
Ես բացատրել եմ, թե ինչու էր դատախազը վերեւում, որովհետեւ նախ կին է, երկրորդը՝ սահմանադրական մարմնի ղեկավար է, երրորդը՝ բոլոր ուժայինների վերահսկողությունն իրականացնող մարմնի ղեկավարն է: Եթե ինքը վերեւում չլիներ, ես ամեն անգամ պետք է իջնեի ներքեւ, հարցնեի՝ տիկին դատախազ, այս թիվը ճիշտ ասացի՞ն»:
Դիտարկմանը, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազրյանն ասել է, որ ամեն դեպքում, ինչ-որ դժգոհություններ կան, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Խմբակցության նիստը կլինի, կիմանանք»:
Նա չբացառեց, որ իր թիկունքում ինչ-որ քննարկումներ եղել են. «Շատ հնարավոր է, ինչի ձեր թիկունքում քննարկումներ չեն լինո՞ւմ: Թող քննարկեն, երբ որ ինձ տեղյակ կպահեն, ես էլ, եթե ունեմ արձագանքելու հնարավորություն՝ կարձագանքեմ: Ձեզնից գաղտնիք չի մնա»,- ընդգծեց նա: