ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները կհամալրվեն 17-ով. Դրանց թվում է Գյումրու երգիծական բանահյուսությունը
Կառավարությունը իր յսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում քննարկեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցը:
«Ներկայացվող նախագիծը բխում է մշակույթի զարգացման և պահպանման ռազմավարությունից, որը նախորդ տարի ընդունվեց Կառավարության կողմից, ինչպես նաև ուղղված է՝ ապահովելու ՀՀ կառավարության առաջնահերթություններից կարևորագույն մեկը, որն է՝ համայնքներում մշակութային կյանքի աշխուժացումը, որը տարածքային համաչափ զարգացման կարևոր ցուցիչ է:
Այս իմաստով հատկապես կարևոր է ուսումնասիրել համայնքների զարգացման համար կարևոր պատամամշակութային ժառանգությունը, որը դառնում է բնակավայրի զարգացման, տնտեսության և զբոսաշրջության խթանման լավ հիմք:
Խոսքը ոչ միայն հուշարձանների մասին է, այլ նաև ոչ նյութական մշակութային ժառանգության, որը դառնում է տվյալ բնակավայրում ժամանցի, տարաբնույթ ծառայությունների կազմակերպման հիմք, ինչպես նաև տնտեսական այլ գործունեության ծավալման իմաստով:
Այդ իմաստով ԿԳՄՍ նախարարությունը շարունակական աշխատանք է տանում ՀՀ-ում ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման և համապատասխան շտեմարանների պարբերաբար լրացման ուղղությամբ, ինչի լավ օրինակ է մասնավորապես ազգային ուտեստների շտեմարանի կազմումը, որտեղ արդեն իսկ հավաքագրված են ավելի քան 250 տեսակի ճաշատեսակներ, և թվային այդ շտեմարանի առկայությունը հնարավոր է դարձրել խրախուսել սննդի ոլորտում աշխատող ընկերություններին ներառել այդ ճաշատեսակները իրենց ճաշացանկերում, դրանք դարձնել նաև տարաբնույթ նյութ մեդիա դաշտում՝ նպաստելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը և նաև տնտեսական զարգացմանը»,- ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյանը:
