Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցվել է երրորդ երկրների  միջամտություն․ Իրակլի Կոբախիձե

Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցվել է երրորդ երկրների աննախադեպ միջամտություն, վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Օտարերկրյա ֆինանսավորումը Վրաստանում օգտագործվում է քաղաքական նպատակներով: Այս ընտրություններին արձանագրվել է դրսից աննախադեպ միջամտություն, այդ թվում՝ օտարերկրյա փողերի միջոցով», — մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։

Որպես արտաքին միջամտության օրինակ՝ վարչապետը բերել է ընդդիմության նախընտրական հանրահավաքն ու համերգը, որը տեղի է ունեցել Թբիլիսիում հոկտեմբերի 20-ին՝ ընտրություններից վեց օր առաջ։ Կոբախիձեի խոսքով՝ ակցիան ֆինանսավորել են ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք միջոցներ են ստանում արտասահմանից։

Կոբախիձեն նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները մաքուր են անցել, և իշխանությունները պատրաստ են բոլորին տրամադրել դա հաստատող ապացույցներ, գրում է interfax.ru-ն։

«Բոլորը պետք է հաշտվեն այն փաստի հետ, որ Վրաստանը անկախ պետություն է, և ընդունված օրենքները գործում են, մենք բացարձակապես բաց ենք բոլորի համար, ովքեր ցանկանում են համոզվել, որ մեր անցկացրած ընտրությունները մաքուր են եղել», — ասել է Կոբախիձեն:

Նա նաև ասել է, որ Վրաստանում ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը ընդհանուր առմամբ դրական է։

You may also like...