ՊԵԿ նախագահը Աննա Հակոբյանի ընթրիքին՝ գործարարների մասնակցությունը «մուծվել» չի որակում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը համաձայն չէ լրագրողների այն դիտարկման հետ, թե բարեգործական ընթրիքների միջոցով գործարարների՝ գումար հանգանակելու դեպքում «մուծվելու» սխեմա է գործում:

«Այդ միջոցառումները համեմատելը նախկին իրականության հետ անտեղի է։ Եթե միջոցառում է կազմակերպվում, որի նպատակը սկսնակ բիզնեսին օգնելն է, ապա կարծում եմ, որ շատ լավ միջոցառում է»,- այս մասին ԱԺ-ում ասաց ՊԵԿ նախագահը՝ անդրադառնալով վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանի՝ օրերս կազմակերպած միջոցառմանը:

Նկատենք, որ լրագրողները հիշեցերին ՊԵԿ նախագահին՝ եթե նախկինում գործարարները առնչություն էին ունենում իշխանությունների կամ նրանց ընտանիքի հետ, այսօրվա իշխանությունները, որոնք նախկինում ընդդիմադիր էին՝ քննադատում էին, ասում՝ «ճամպրուկով» փող են տանում Բաղրամյան 26:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին  կայացած «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 գործարար, ինչի արդյունքում «Իմ Քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ:

You may also like...