Տեղի է ունեցել բավական երկար խոսակցություն. ԱԺ նախագահը՝ Կազանում Փաշինյան-Ալիեվ հանդիպման մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Կազանում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանն ու ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Տեղի է ունեցել բավական երկար խոսակցություն, սկզբում՝ անմիջականորեն սեղանի շուրջ, երբ ելույթներ են եղել։ Եթե չեմ սխալվում, մեկ ժամից ավել վարչապետն ու հարևան երկրի ղեկավարը զրուցել են, հետո այդ խոսակցությունը տեղափոխվել է այլ ֆորմատ, որի լուսանկարները տեսել եք»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ խոսակցություններն ու պայմանավորվածությունները նույնն են, ինչի մասին հայտարարվել է՝ խաղաղության հաստատում, կոմունիկացիաների բացում, գերիների մասով խոսակցություն։

Սիմոնյանը երկկողմ հաղթանակ է որակել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը՝ ընդգծելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սա առաջին փաստաթուղթն է«Դրա իրագործումը թե Հայաստանի, թե Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության ամենակարևոր հիմնաքարերից մեկն է։ Առաջ ենք շարժվելու, և լիահույս եմ՝ դրական ընթացք կունենանք»։

Ըստ Սիմոնյանի՝ քաղաքական կամքի պարագայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր հարցերը լուծելի են. «Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը 30-ից ավելի տարվա այս հակամարտության ընթացքում բազմաթիվ չլուծված հարցեր ենք թողել, և քաղաքական կամքի պարագայում բոլոր այդ հարցերը լուծելի են»:

Անդրադառնալով Ադրբեջանից ՀՀ սահմանադրության վերաբերյալ հնչող հայտարարություններին՝ նա ասել է. «Սահմանադրության հարցով մենք ասել են, որ դա լուծված հարց է, և ՍԴ դատարանի որոշումը հստակ ի ցույց դրեց, որ ՀՀ-ում նման խնդիր չկա: Իրենց Սահմանադրության մեջ էլ խնդիր կա, բայց այն մենք չենք բարձրացնում»:

You may also like...