Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում. Գեվորգ Պապոյան
Այն գործընթացը, որը հիմա կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, իմ մոտ դրական իմաստով տպավորություն է թողնում, որ մենք այնուամենայնիվ գնում ենք դրան և կստորագրենք խաղաղության պայմանագիր:
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությանը վերաբերող հարցին։
Նա նշեց, որ ժամկետների մասով ոչինչ չի կարող ասել, բայց իր տպավորությամբ զարգացումները դրական են.
«Եթե խաղաղության տեքստի շուրջ բոլոր հարցերը համաձայնեցված լինեին, ապա այն կստորագրվեր, եթե մենք ինչ-որ բաներ ուղարկում ենք Ադրբեջանին, իրենք պատասխանում են, ապա այն նշանակում է, որ կան ինչ-որ չհամաձայնեցված հարցեր, բայց խոսակցություն կա, որը տանում է դեպի համաձայնեցում:
Չունենք էսկալացիաներ, ունենք սահմանազատված հատված եւ ունենք խաղաղության պայմանագրի շուրջ գործընթաց, որն առաջ է գնում: Եթե կա դրական պրոցես, ո՞րն է տրամաբանությունը դրանից շեղվելու: Իմ կարծիքով, այս ֆորմատը, որը կա, լավն է եւ պետք է շարունակել գնալ առաջ»,-ասաց նա: