ԵՄ անդամ դառնալու ստորագրահավաքը նախաձեռնողները ԿԸՀ են ներկայացրել լրացված ձեվաթղթերի 4 տուփ

2024թ. սեպտեմբերի 5-ին 51 քաղաքացի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ որոշումը:

Նախաձեռնող խումբն ուներ 60 օր ժամանակ անհրաժեշտ թվով ստորագրությունների հավաքման համար։

Ինչպես հայտնել են ԿԸՀ-ից, նոյեմբերի 7-ին քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները ստորագրությունների լրացված ձևաթղթերի 4 տուփ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը տուփերը սոսնձել և ստորագրել է։ Նախաձեռնության ներկայացուցիչները ևս իրենց ստորագրություններով հաստատել են տուփերի հանձնումը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենսդրությամբ սահմանված ժամկետում՝ մեկ ամսում, կստուգի ստորագրությունները և կհրապարակի արդյունքները։

Նշենք, որ այդ գործընթացը կարող է իրականացվել միայն ԿԸՀ սահմանած վերջնաժամկետից հետո (նոյեմբերի 14), քանի որ այդ օրերին ևս ՀՀ քաղաքացիները կարող են սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով միանալ նախաձեռնությանը։

You may also like...