Ալեն Սիմոնյանն ակնկալում է առաջիկայում հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ. «Ազատություն»
Ազգային ժողովի նախագահն ակնկալում է առաջիկայում հանդիպել Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային: Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ իրենց նախորդ հանդիպումը հյուրընկալած կողմն այժմ դրանով է զբաղված:
«Ես անձամբ ակնկալում եմ իմ և իմ ադրբեջանցի գործընկերոջ հանդիպման վերաբերյալ լուրին, որպեսզի շարունակենք մեր խոսակցությունը»,- «Ազատության» հետ զրույցում նշել է խորհրդարանի խոսնակը՝ միաժամանակ շեշտելով, որ հնարավոր հանդիպման վերաբերյալ այս պահին հստակություն չկա։
Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի խոսնակները վերջին անգամ հանդիպել են մայիսին Ժնևում՝ Միջխորհրդարանական միության հավաքի շրջանակներում։
Եվս մեկ հանդիպում պետք է տեղի ունենար հոկտեմբերին կրկին Ժնևում, բայց, ըստ հայկական կողմի, վերջին պահին Գաֆարովան հրաժարվել էր։
