Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող հարցեր:

Այս մասին  Petutyun.com-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի մամուլի վարչությունից։

Ոլորտի պատասխանատուները ներկայացրել են  առկա խնդիրները, գյուղապահովագրության շարունակականության ապահովման մարտահրավերները, առաջարկել դրանց ուղղված լուծումներ:

Մասնավորապես, ընդգծվել է վնասի գնահատման նոր ստանդարտների ներդրման, ոլորտի փորձագետների վերապատրաստման ու որակավորման կարևորությունը։

Զարգացած գյուղապահովագրության համակարգ ունենալու համատեքստում կարևորվել է նաև վիճակագրական ենթակառուցվածքների ներդրման անհրաժեշտությունը, համակարգի նկատմամբ վստահության ապահովումը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտի զարգացմանն ուղղված կոնկրետ և արդյունավետ աշխատանքների իրականացումը:

Վարչապետի խոսքով՝ միանշանակ է, որ ապահովագրության համակարգը պետք է խթանի գյուղատնտեսության զարգացումը: Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է, որ որոշում կայացնողները ոլորտն արդյունավետ կառավարելու համար պետք է անմիջական շփում ունենան շահառուների հետ, խնդիրներին ծանոթանան տեղերում:

Վարչապետը հանձնարարել է բարձրացված հարցերի ուղղությամբ իրականացնել հետևողական նաշխատանքներ՝ հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները:

You may also like...