Ես չէ, որ պետք է գնամ իմ կնոջից հաշվետվություն պահանջեմ իր աշխատավարձի վերաբերյալ. Տիգրան Պարսիլյան

«Կինս 2022 թվականին եղել է երեխայի խնամքի արձակուրդում, իսկ 2023 թվականին անցել է աշխատանքի»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը՝ անդրադառնալով իր կնոջ եկամուտների վերաբերյալ հրապարակումներին:

Պատգամավորի խոսքով՝ իր կինն աշխատում է որպես ուսուցիչ և որ դրանից բացի, նաև իրականացրել է վերապատրաստման տարբեր ծրագրեր:

«Իմ կինը չափահաս է և հաշվետու չէ իմ առջև, հաշվետու է հանրության առջև։

Ես չէ, որ պետք է գնամ իմ կնոջից հաշվետվություն պահանջեմ իր աշխատավարձի վերաբերյալ։ Կարող է ձեր պատկերացրած ընտանիքի մոդելն այդպիսին է, բայց իմը այդպիսին չէ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ կնոջ եկամուտներն ամեն տարի վերլուծության չի ենթարկում:

Նրա խոսքով՝ իր կինը աշխատել է ավելի երկար, քան աշխատաշուկայում սահմանված ժամանակն է:

«Դուք խոսում եք կրթահամալիրի աշխատակցի մասին, որը ՊՈԱԿ է, իրենց աշխատավարձը չի գեներացվում միայն պետական ֆինանսավորմամբ։

Այնտեղ այլընտրանքային կրթություն, վերապատրաստման ծրագրեր կան։

Իմ կինն աշխատել է ոչ թե ուսուցչի մի քանի ժամը, ինքն աշխատել է այնքան, ինչքան շատ-շատ ուսուցիչներ չեն աշխատել՝ կտրելով երեխաներին հատկացվող ժամանակից»,- ասաց Պարսիլյանը։

Ավելի վաղ մամուլում գրվել էր, թե Տիգրան Պարսիլյանի կնոջ աշխատավարձը հասել է 4.9 մլն դրամի։

You may also like...