«Հյուսիս-Հարավ» ծրագիր. Սյունիքում 62 հողամասեր ճանաչվեցին հանրային գերակա շահ. Դրանք պետք է օտարվեն մինչեվ տարեվերջ
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 15-ի նիստում Հյուսիս-հարավ»-ի ծրագիր 4-ի շրջանակներում Սյունիքի մարզում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում կայացրեց:
Նախագծի նպատակը Մ-2 ավտոճանապարհի մաս հանդիսացող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք (կմ 10+650- կմ 42+875, Լոտ 1) և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ (կմ 0+000 – կմ 10+650, Լոտ 2), այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ), ճանապարհահատվածի կառուցումն է:
Ծրագրի շրջանակներում իրականացվելու են՝
1․ 2-րդ կարգի, 80 կմ/ ժամ արագությամբ, երկու երթևեկելի գոտով շուրջ 32 կմ ճանապարհահատվածի՝ Ագարակից Վարդանի ձոր մոտ 21 կմ հատվածի հիմնանորոգման և Վարդանի ձորից մինչև թունելի ելք մոտ 11կմ հատվածի կառուցման, ինչպես նաև 11 կամուրջի (ընդհանուրը 2․24 կմերկարությամբ) և 2 թունելի (ընդհանուրը 0,97 կմ երկարությամբ) կառուցման աշխատանքներ․
2․ 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի կառուցման և գոյություն ունեցող Մ2 ճանապարհի շուրջ 4 կմ երկարությամբ (Քաջարանի թունելի մուտք — Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) հատվածի վերակառուցման աշխատանքները։
Թունելն ապահովված կլինի լուսավորության, օդափոխության, հակահրդեհային ժամանակակից համակարգերով։ Թունելի ճանապարհը ասֆալտբետոնե ծածկով է, 2 երթևեկելի գոտիով, 9 մ լայնությամբ։
Ճանապարհի երկու կողմերում կառուցվելու են քայլուղիներ՝ ճանապարհի մակերևույթից մոտ 15 սմ բարձրության վրա, թունելի առաստաղում կառուցվելու է ծխատար խողովակ, որը հանդիսանալու է թունելի եվրոպական ստանդարտներին համապատասխանող օդափոխության համակարգի մաս, իսկ ճանապարհի սալահատակի տակ կառուցվելու է անվտանգության թունել, որը ծառայելու է հնարավոր արտակարգ իրավիճակներում մարդկանց տարհանման համար:
Ծրագրի արդյունքում գործող երթուղին կկրճատվի շուրջ 14 կմ-ով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կհասնի 80 կմ/ժ-ի, մոտ 40 րոպեով կկրճատվի Հյուսիս-հարավ ճանապարհային միջնացքի ներդրումային ծրագրի` Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի երթևեկության ժամանակը, կնվազի ծովի մակարդակից 2535 մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքի օգտագործումը, հնարավորություն կստեղծվի խուսափել ձմռանը լեռնանցքի անցանելիության դժվարություններից:
Այս որոշմամբ առաջարկվում է Քաջարան բնակավայրում, Մեղրի համայնքի Տաշտուն, Վարդանիձոր, Գուդեմնիս, Լեհվազ, Մեղրի, բնակավայրերում ընդհանուր 62 հողամասերի ազդակիր տարածքները ճանաչել հանրության գերակա շահ։
Օտարվող սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2024 թվականի դեկտեմբերի 30-ն է։