«ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կբարելավվի գործարար միջավայրը
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է շահութահարկ վճարողներին հնարավորություն ընձեռել առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը նվազեցնել համախառն եկամտից:
Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հերթական նիստում:
Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով գործարարների առաջարկը: Այն լավ ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի վրա:
«Օրենքի լուծման բացակայության պատճառով տնտեսվարողների մոտ կուտակվել է որոշակի քանակի խոտանված արտադրանք: Առաջարկում ենք այդ պաշարից համախառն եկամտի 2 տոկոսի չափով հարկում անել շահութահարկի բազայից»,- նշել է փոխնախարարը:
Պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է, թե ինչպես է իրականացվելու վարչարարությունը, որպեսզի գործարարների կողմից չարաշահումներ չլինեն: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը պարզաբանել է, որ ոչ միայն որակական կորուստները, այլեւ կորուստների մնացյալ՝ այլ տեսակները, նույնպես թույլատրվում է հարկման բազայից նվազեցնել միայն Կառավարության սահմանած կարգով փաստաթղթավորվելու պարագայում: Կա Կառավարության համապատասխան որոշում, որը սահմանում է այն ընթացակարգը եւ փաստաթղթավորման շրջանակը, որն անհրաժեշտ է կորուստները հարկման նպատակով ընդունելու համար: Նախագծի ընդունման պարագայում Կառավարությունը համապատասխան լրացումներ կընդունի՝ կարգավորելու այս նոր ծագող հարաբերությունը եւ փաստաթղթավորման պահանջները:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով, որ նախագծի ընդունմամբ գործարար միջավայրը կբարելավվի: