Ընդդիմությունը Աբխազիայի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու է առաջադրել եվ մտադիր է ժամանակավոր կառավարություն ձեվավորել
Աբխազիայի նախագահի հրաժարականի պահանջը չկատարելու դեպքում համակարգող խորհուրդը կստեղծի ժամանակավոր կառավարություն։
Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է պատերազմի վետերանների «Արուա» (Ռազմիկներ) հասարակական կազմակերպության նախագահ, ընդդիմության ներկայացուցիչ Թեմուր Գուլիան։
«Եթե նախագահը հրաժարական չտա մինչև երեկո, մենք համակարգող խորհրդի կազմից ժամանակավոր կառավարություն կստեղծենք, կկանչենք բոլոր քաղծառայողներին աշխատանքի, կապահովենք աշխատանքային պայմաններ և կվերահսկենք պետական կառավարման գործընթացը»,- ասել է Գուլիան։
Վետերանների կազմակերպության նախագահը նշել է, որ «երկիրը պետք է շարունակի ապրել»։
«Վաղը երկուշաբթի է։ Մենք չենք կարող ամեն ինչ այսպես թողնել, քանի որ մտածում ենք ժողովրդի ու պետության մասին, որը պետք է ապրի։ Դրա համար պետական ծառայողները պետք է զբաղեցնեն իրենց աշխատատեղերը և աշխատեն»,- ասել է նա:
Ընդդիմությունը նախքան նոր ընտրությունների անցկացումը վարչապետի և նախագահի պաշտոնակատարի պաշտոնների համար առաջարկում է փոխվարչապետ, ֆինանսների նախարարության ղեկավար Վլադիմիր Դելբայի թեկնածությունը, նշել է պատերազմի վետերանների «Արուա» հասարակական կազմակերպության նախագահը։
«Մեր պահանջները հետևյալն են․ մենք առաջարկել ենք փոխվարչապետ և ֆինանսների նախարար Վլադիմիր Դելբային նշանակել վարչապետ և նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ միաժամանակ արձակելով կառավարության ողջ կազմը, ներառյալ ուժայիններին։ Միանգամայն ընդունելի պայման է»,- ասել է Գուլիան։
Ըստ Գուլիայի՝ նոյեմբերի 16-ի երեկոյան Աբխազիայի Հանրային պալատի անդամներից խորհրդարանականները եկել են համակարգող խորհուրդ «որպես չեզոք մարդիկ, բայց իրենց պահել են պարոն Բժանիայի ներկայացուցիչների պես»։
«Նրանք համառորեն առաջարկում էին. Բժանիան գալիս է իր աշխատասենյակ, աշխատում է մի քանի օր, հետո ստորագրում է իր հրաժարականը՝ նախագահի պաշտոնակատար թողնելով փոխնախագահ Բադրա Գունբային։ Հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դա ընդհանրապես չի ընդունել»,- ասել է Գուլիան:
