Գնդապետ Դավթյան․ Բանակայինների ԱԱ-ին այլ մարզիկների մասնակցության դեպքում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ (տեսանյութ)
Թուրքիայի եւ բոլոր երկրների թիմերի դեմ Հայաստանը ներկայանում է ուժեղ կազմով:
Հայաստանի թիմը կազմավորվել է ոչ թե այլ երկրների թիմերի հաշվարկով, այլ իրավական հնարավոր ուժեղագույնների ընտրությամբ:
Այլ մարզիկների մասնակցության պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ:
Այս մասին ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կանցկացվի ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունը: Հայաստանն առաջնությանը մասնակցում է ոչ ուժեղագույն կազմով:
Թե ինչու Հայաստանը ուժեղագույն կազմով չի ներկայանում առաջնությանը, Արման Դավթյանը լրագրողների կողմից հնչեցված բոլոր հարցերը թողեց անպատասխական կամ տվեց ոչ լիարժեք պատասխան:
Նրա խոսքով, Հայաստանի կազմը որոշվել է ԶՈՒ ԳՇ ղեկավարների եւ մասնագետների քննարկումների արդյունքում եւ հաշվի են առնվել մարզիկների ֆիզպատրաստությունը, նախկինում գրանցած արդյունքները, նաեւ վնասվածքներն ու հոգեկան խնդիրները:
Ըստ Արման Դավթյանի, Հայաստանը որպես ընդունող երկիր, առաջնորդվել է Բանակային սպորտի միջազգային ֆեդերացիայի կանոնադրությամբ եւ սահմանափակումներով:
«Առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել 24 երկրի 400 ըմբիշ: Մասնակցում է նաեւ Թուրքիայի հավաքականը: Ադրբեջանը հրավեր ստացել է, բայց մասնակցության հայտ չի ներկայացրել:
Հայաստանի թիմի կազմի ընտրության հարցում, որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել ենք Ռազմական սպորտի ֆեդերացիայի կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ:
Այլ մարզիկների մասնակցության պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ: Այն մարզիկները, որոնք մասնակցելու են, մարզական վաշտի ժամկետային զինծառայողներ են:
Ես ակնկալում եմ բոլորի աջակցությունը բոլոր զինվորներին, որպեսզի նրանք կարողանան էլ ավելի լավ մասնակցել:
