Քոչարի թանգարանից անհետացած գործերից մեկը Մոսկվայում է. Երվանդ Քոչարի որդին ու փաստաբանը մանրամասներ են հայտնում
Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ են ներկայացրել թանգարանից 7 ստեղծագործությունների անհետացման առնչությամբ։
Նախ Քոչարը պատմեց, որ հայրն ամբողջ ունեցվածքը ժառանգել է տիկնոջը՝ Մանիկ Մկրտչյանին, որն էլ ստեղծել է թանգարանը, թանգարանի ստեղծմանը կողմ են եղել երկու եղբայրներն էլ սակայն զբաղվել թանգարանի գործերով չեն կարողացել, քանի որ այլ ոլորտում են աշխատել, մոր առողջական խնդիրներ ունենալու պատճառով ղեկավարումը վստահել են հարսին՝ Լալային։ Տարիներ անց Ռուբեն Քոչարը եկել է Հայաստան, այցելել հոր թանգարան, որտեղ հանդիպել է Լալային.
«Ասաց՝ «ինչո՞ւ ես եկել, դու ի՞նչ կապ ունես թանգարանի հետ, դուրս արի այստեղից, մի մտի, դու ոչինչ չես արել այս թանգարանի համար»։ Լալան շատ զարմացավ, հետո, երևի, ջուր խմեց, զարմանքն անցավ»,- նշեց նա։
Քոչարի խոսքով՝ երբ մոտեցել է Երվանդ Քոչարի 125-ամյա հոբելյանական տարին, ինքը որոշել է Քոչարի գործերը Հայաստանից դուրս հանել։
«Ասացի՝ իմ սեփականությունը կհանեմ, կցուցադրեմ, հարց տվեցի, ասացի՝ գործերը որտե՞ղ են, լռություն եղավ, ասացին՝ մի շաբաթից հետո կպատասխանեն։ Մեկ շաբաթ հետո Լալա ու Կարինե Քոչարները ինձ բերեցին ցուցակ՝ գունավոր լուսանկարներով՝ կողքը նշած՝ այս-այս գործերը չկան։ Ո՞նց թե չկան, որտե՞ղ են»,- մանրամասնեց Երվանդ Քոչարի որդին՝ նշելով, որ այս ամենը տեղի է ունեցել անցյալ տարվա վերջում։
Քոչարը պատմեց, որ անհետացած ստեղծագործություններից միայն մեկի տեղը գիտեն՝ Մոսկվայում է, ևս մեկ ստեղծագործության մասով էլ կասկած ունեն, մտածում են՝ ֆիզիկական անձի են նվիրել, բայց անուն չեն հրապարակի։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ հավելեց, որ 8 ամիս է՝ քրեական գործ է հարուցվել, սակայն որևէ տեղաշարժ չկա. «Քննչական մարմիններին, ցավոք սրտի, հավատալ պետք չէ։
Մենք դիմել ենք նաև ՊՎԾ ու ԿԳՄՍՆ, ԿԳՄՍՆ-ի վարքագիծը «շատ լավն է»՝ ասում են, որ պարբերաբար ստուգել են թանգարանը, գիտե՞ք ոնց՝ գրում են թանգարանին, ու ասում ՝ «մի հատ ձեզ ստուգեք», թանգարանն էլ ինքն իրեն ստուգում է ու ասում ՝ «ամեն ինչ լավ է»»։