Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի նպատակը. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը, քանի որ դրա նպատակն էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակի ամրապնդումն է, իսկ ադրբեջանական կողմը սա փորձում է ինչ-որ չափով կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեցին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից՝ անդրադառնալով 2024 թվականի նոյեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստանի դեմ հայցի հիմնական փաստաթղթի՝ Մշտական արբիտրաժային դատարան ներկայացնելուն, որի համաձայն՝ Հայաստանն, իբրև թե, խախտել է էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի պարզաբանմամբ՝ այստեղ խոսքը չի գնում որևէ նոր հայցի մասին․ սա դեռևս 2023 թվականի փետրվարի 27-ի՝ Էներգետիկ խարտիայի պայմանագրի հիման վրա արբիտրաժային ծանուցման ներկայացման մասին է։ Այս վարույթի քննությունն արդեն իսկ մեկնարկել է 2023 թվականին։
«Տեղի է ունեցել առաջին ընթացակարգային նիստը, ձևավորվել է տրիբունալ, որը քննել և ընթացակարգային որոշում է կայացրել, թե ինչպես պետք է վարույթն իրականացվի, և նիստից հետո սահմանվել է նաև ընթացակարգային ժամանակահատվածը, թե կողմերն ինչ ժամկետներում պետք է ներկայացնեն իրենց գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումները», — նշեցին ներկայացուցչությունից։
Վերջինիս բնորոշմամբ՝ սա առաջին փաստաթուղթն է, որը պետք է ներկայացվեր ընթացակարգային որոշումից հետո, և ադրբեջանական կողմը ներկայացրել է իր ամբողջական հայցադիմումը, որովհետև արբիտրաժային ծանուցումը, որպես այդպիսին, գործի մեկնարկի համար ներկայացվող փաստաթուղթ է, բայց հայցադիմումը ներկայացվում է արդեն հետագա փուլերում․ «Սա արբիտրաժային նույն վարույթի շրջանակներում ամբողջական հայցադիմումն է, որը ներկայացվել է Ադրբեջանի կողմից»։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի դիտարկմամբ՝ այս արբիտրաժային վարույթը համակարգվում է Մշտական արբիտրաժային դատարանի կողմից, և եթե նայենք այդ դատարանի կայքում, ապա կտեսնենք, որ կա սահմանված ժամանակացույցը, և ադրբեջանական կողմն ուղղակի ժամանակացույցի համաձայն ներկայացրել է հայցադիմում, որից հետո արդեն հայկական կողմը կանդրադառնա տրիբունալի իրավազորության հարցերին, ինչից հետո կներկայացնի իր դիտարկումներն ու առարկությունները։
«Սա, միգուցե, Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված վերջին որոշումների պատճառով է, որոնցում Ադրբեջանը պարտություն է կրել, և հիմա փորձում է նոր լույսի ներքո ներկայացնել այս գործը, այսինքն՝ զուտ վերահաստատում են այն արբիտրաժային վարույթը, որը մեկնարկել է դեռևս 2023 թվականին», — նկատեցին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։
Պարզաբանելով, թե որն է սույն վարույթի բուն էությունը և ինչ ընթացակարգեր են հաջորդելու վարույթի շրջանակեներում՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից նշեցին, որ այն ներկայացվել է Էներգետիկ խարտիայի պայմանագրի հիման վրա։
«Ադրբեջանական կողմից փորձ է արվում խեղաթյուրել այդ խարտիայի բովանդակությունն ու նպատակը, քանի որ խարտիայի նպատակն էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակի ամրապնդումն է։ Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը սա փորձում է ինչ-որ չափով կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ», — ընդգծեցին գրասենյակից՝ հավելելով, որ հայկական կողմն իր դիրքորոշումն ու դիտարկումները կներկայացնի արբիտրաժային վարույթի շրջանակներում։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից նաև հավելեցին, որ, այդուհանդերձ, տրիբունալը դեռևս պետք է ճանաչի, որ գործը քննելու իրավազորություն ունի, ինչպես, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանն էր նման քննություն իրականացրել։
«Կողմերը ներկայացրել էին նախնական առարկություններ և դատարանը պետք է ճանաչեր, որ նա ունի իրավազորություն՝ քննելու այդ վարույթը։ Նմանատիպ կերպով այս դեպքում նաև արբիտրաժային տրիբունալը պետք է ճանաչի իրավազորությունը։ Եթե արբիտրաժը ճանաչի, որ տրիբունալն այս գործը քննելու իրավազորություն չունի, այդ դեպքում գործը հետագա զարգացում չի ունենա։
Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ 2024 թվականի նոյեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարությունը Մշտական արբիտրաժային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ հայցի հիմնական փաստաթուղթը՝ մեղադրելով հայկական կողմին, իբրև թե, էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները խախտելու համար։