Որոշակի ՄՕԳ եվ ավելի ապահովող ուսանողներն ընդհանրապես ուսման վարձ չպետք է վճարեն. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը:
Այս մասին հայտնել են Կառավարությունից:
«Մենք ի՞նչ ենք ուզում, ըստ էության, անել: Մենք ուզում ենք պրոֆեսորադասախոսական կազմի, գիտակրթական ոլորտի, ուսանողների համար այս մեր ընդհանուր «տանը» ստեղծել մի կրթական սենյակ, որտեղ իրենք կարող են կենտրոնանալ իրենց նյութի վրա, և տնտեսական, քաղաքական, սոցիալական աղմուկներն իրենց ուղղակի չխանգարեն»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
«Ակադեմիական քաղաք» նախագծի համատեքստում վարչապետը խոսել է նաև կրթական պրոցեսի տեսանելիության, այսինքն՝ միջազգային կրթական միջավայրի հետ հաղորդակցության, Հայաստանում կրթության որակի և միջազգայնորեն մրցունակ լինելու կարևորության մասին:
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ կրթական համակարգի կարևորագույն խնդիրը ցանկացած ուսանողի՝ իր ընտրած ոլորտում մրցունակ լինելն ապահովելն է, ինչը նույնպես «Ակադեմիական քաղաք» նախագծի հիմնական տրամաբանությունն է: «Նաև չմոռանանք սոցիալական բաղադրիչը՝ մենք այսպիսի սկզբունք ունենք, որ որոշակի ՄՕԳ և ավել ապահովող ուսանողներն ընդհանրապես ուսման վարձ չպետք է վճարեն»,- հավելել է վարչապետը:
Երկրի ղեկավարի խոսքով, «Ակադեմիական քաղաք» նախագծում ներառված է նաև այնպիսի կարևոր բաղադրիչ, ինչպիսին ուսանողական կացարաններն են, որոնք այսօր լուրջ հարց են Հայաստանում:
Վարչապետն ընդգծել է, որ «Ակադեմիական քաղաք»-ում ստեղծվող միջավայրի առանցքային նպատակներից մեկը հետևյալն է՝ ունենալ Հայաստանում և՛ մեկուսացված, և՛ ինտեգրված տարածք:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ մեկուսացվածության նպատակը կրթական պրոցեսը վերոնշյալ աղմուկից հեռու պահելն է: Խոսելով նախագծի ինտեգրվածության մասին, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հիմնականում մեր խնդիրը հետևյալն է, որ մենք հանրապետության ամբողջ բուհական պոտենցիալը մի քանի կլաստերներով տեղափոխենք այնտեղ»:
Նա նաև արձանագրել է, որ «Ակադեմիական քաղաք»-ի տարածքը գտնվում է երեք մարզերի և Երևան քաղաքի հատման կետում և ապահովված է լինելու տրանսպորտային զարգացած ենթակառուցվածքով:
Վարչապետը խոսել է նաև «Ակադեմիական քաղաք»-ի կլաստերների մասին, նշել այն հանգամանքը, որը հատկապես էական նշանակություն ունի կրթական կլաստերի համար:
«Մենք մտածում ենք, որ ամեն կլաստերն անպայման ունենա ավագ դպրոց: Դուք գիտեք, որ հանրակրթության կարևոր խնդիրներից մեկը մասնագիտական կողմնորոշումն է: Մենք ավագ դպրոցներում շատ ջանք ենք գործադրում, որպեսզի երեխաներին օգնենք մասնագիտական կողմնորոշում ունենալ»,- նշել է երկրի ղեկավարը և հավելել, որ «Ակադեմիական քաղաք»-ի մեջ կա հետևյալ շատ կարևոր տրամաբանությունը, որ ուսանողների մի զգալի մասն իր աշխատանքային առաջին փորձն ունենա հենց «Ակադեմիական քաղաք»-ում, այսինքն՝ կրթական կլաստերի լավագույն ուսանողներն իրենց առաջին աշխատանքային փորձն ունենան այնտեղ:
Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ուսուցիչների վերապատրաստման գործընթացին, նշել, որ «Ակադեմիական քաղաք»-ի կրթական կլաստերը նաև արդեն գործող ուսուցիչների համար է, ովքեր պետք է կրթական տեխնոլոգիաներին անընդհատ հաղորդակցվելու հնարավորություն ունենան:
Վարչապետն ընդգծել է նաև կրթական հետազոտությունների և տվյալների հավաքագրման կարևորությունը, ինչը կրթական պրոցեսի անբաժան և կարևոր բաղադրիչն է:
Ամփոփելով իր խոսքը՝ երկրի ղեկավարն անդրադարձել է նաև «Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվող արվեստի, ժամանցային, սպորտային կենտրոններին:
Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի ծրագրերի ղեկավար Նորբերտ Փախլերն իր հերթին ներկայացրել է բուհերի խոշորացման իրենց փորձառությունը և «Ակադեմիական քաղաք» ծրագրի հետ նախատեսվող համագործակցության շրջանակը:
Հաջորդիվ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի ծրագրերի ղեկավար Նորբերտ Փախլերը պատասխանել են ներկաների հարցերին: