Չինական Jiangsu-ի մասնաճյուղի ղեկավարի հետ քննարկվել է Հանրայինի հեռարձակման դահլիճի կառուցման աշխատանքների ընթացքը

Նոյեմբերի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանն ու Էդգար Զաքարյանը հանդիպել են China Jiangsu International Economic and Technical Cooperation Group LTD» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Սոնգ Ցինբոյին և նրա գլխավորած պատվիրակությանը։

China Jiangsu International Economic and Technical Cooperation Group LTD ընկերությունը հանդիսանում է պետական խոշոր կազմակերպություն, որը մասնագիտացած է շինարարության, միջազգային առևտրի, քաղաքաշինության և ներդրումների ոլորտներում։

Այն ընդգրկված է միջազգային լավագույն կապալառուների շարքում։

Ընկերությունն այս պահին իրականացնում է Հայաստանում հանրային հեռուստատեսության հեռարձակման դահլիճի կառուցման նախագիծը, որը ֆինանսավորվում է ՉԺՀ-ի աջակցությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հեռարձակման դահլիճի կառուցման աշխատանքների ընթացքի, Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման, հանքարդյունաբերության, շինարարության և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր։

Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է Հայաստանում բարենպաստ գործարար միջավայրը և իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերը՝ ընդգծելով չինական ընկերությունների ներգրավման հեռանկարները տարբեր տնտեսական նախագծերում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Շանհայում անցկացված Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին (CIIE), որտեղ հայկական կողմը հանդես էր եկել միասնական տաղավարով՝ նպատակ ունենալով խթանել ՓՄՁ-ների զարգացումը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքները՝ նպաստելով երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը։

Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը միտված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը՝ Հայաստանի և հարևան երկրների համագործակցության միջոցով։

You may also like...