Հաջորդ տարի կունենանք համապարփակ զեկույց. մեկնարկել է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի գնահատման գործընթացը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի և ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի ղեկավար Գրեգոր Վիրանի մասնակցությամբ կայացել է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի Հայաստանում պետական կառավարման ուղղությամբ առաջընթացի գնահատման գործընթացի մեկնարկին նվիրված միջոցառումը:
«Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում հաջորդ տարի կունենանք համապարփակ զեկույց, որը թույլ կտա բացահայտել խնդիրները, գնահատել մինչ օրս իրականացված աշխատանքի արդյունքներն ու ձեռքբերումները և ճշգրտել հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում մեր առաջիկա անելիքները»,- ասել է Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետն ընդգծել է ՍԻԳՄԱ-ի գնահատման գործընթացում պետական կառավարման համակարգի բոլոր մարմիններին ակտիվ և նախաձեռնողական մասնակցության կարևորությունը: