Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ ներկայացնելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը։
Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանն ընդգծել է տվյալ մարտահրավերների կանխարգելման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների կարևորությունը՝ նշելով, որ ռազմավարական փաստաթղթով նախատեսված միջոցառումները կիրականացվեն չորս հիմնական ուղղություններով՝ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում, ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում, ինչպես նաև էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի զարգացում։
«Ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված նպատակների իրականացման համար մշակվել է ավելի քան 190 միջոցառում, որոնք նախատեսվում է իրականացնել մինչև 2040 թվականը։
Փաստաթղթով նաև հոլիստիկ մոտեցում է ցուցաբերվում ընտանիքի, երեխայի խնամքի և կանանց աշխատանքային ներգրավվածության նկատմամբ, ինչը հնարավորություն կտա ապահովել ծնելիության աճ և զարգացնել մարդկային կապիտալը»,- նշել է նախարարը։
Նիստի շրջանակում ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է ժողովրդագրության ոլորտում սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։
Նախարարի տեղակալը խոսել է նաև ժողովրդագրության ոլորտի ներկայիս իրավիճակի, ռազմավարական ծրագրերի, ժողովրդագրական լանդշաֆտի, դրա ունեցած հիմնական ազդեցությունների և այլնի մասին։
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։
