Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի համատեղ նիստին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը կայանալու է նոյեմբերի 28-ին Աստանայում։

Նիստին մասնակցելու են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը և միացյալ շտաբի ղեկավար Անդրեյ Սերդյուկովը։

Նախատեսվում է մտքերի փոխանակում հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։

Քննարկվելու են ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության արդյունքները և հավաքական անվտանգության համակարգի հետագա զարգացման հեռանկարները։

Հայաստանը վերջին շրջանում բոյկոտում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում անցկացվող միջոցառումները։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, ինչն առանց հետևանքների չէր կարող մնալ։

You may also like...