Ամերիկյան կողմի հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամություն կա. Արամ Հովհաննիսյանն ընդունել է Բարթերին
ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։
Անդրադառնալով Ոստիկանության ոլորտի բարեփոխումներին՝ Արամ Հովհաննիսյանը մատնանշել է Համայնքային և Քրեական ոստիկանությունների ձևավորումը, ստորաբաժանումների առջև դրված խնդիրները։ Նա ներկայացրել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման ընթացիկ աշխատանքները, կառուցվածքի, գործառույթների ու կադրային քաղաքականության մանրամասներ։

Բարձր գնահատելով ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ Զաքարի Բարթերը կարևորել է անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացման և այլ ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։
Քննարկվել են փորձի փոխանակման, ծառայողների կրթական գործընթացի կազմակերպման, վերապատրաստման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցությունը։
