Իսրայելը եվ «Հըզբոլլահ»-ը Լիբանանում զինադադարի համաձայնագիր են կնքել. ովքեր հասան դրան եվ ինչ է որոշվել
Լիբանանում, որտեղ իսրայելական բանակը մի քանի ամիս է՝ գործողություններ է իրականացնում «Հըզբոլլահ» խմբավորման դեմ, գիշերվանից ուժի մեջ է մտել հրադադարը, որը նախօրեին հաստատվել էր Իսրայելի կառավարության կողմից։
BBC-ի փոխանցմամբ՝ համաձայն զինադադարի պայմանների՝ 60 օրվա ընթացքում իսրայելական զորքերը դուրս կգան Լիբանանից, իսկ «Հըզբոլլահի» զինյալները կլքեն սահմանային շրջանները, լիբանանյան բանակն էլ կտեղակայվի այնտեղ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռուստաուղերձում ասել էր, որ զինադադարի պայմանագրի ժամկետը կախված կլինի «Հըզբոլլահ»-ի գործողություններից, և եթե խմբավորումը նորից փորձի զինվել, դա կհամարվի պայմանագրի խախտում։
Նա նաև ասել է, որ իսրայելական զինվորականների ջանքերի շնորհիվ «Հըզբոլլահ»-ը հետ է մղվել «տասնյակ տարիներով»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես ելույթ է ունեցել և ասել, որ հրադադարի մասին համաձայնագիրը կնքվել է և ուժի մեջ կմտնի չորեքշաբթի տեղական ժամանակով ժամը 04:00-ին:
«Պայքարը կավարտվի. սա պետք է լինի մշտական հրադադար»,- ասել է Բայդենը։
Նա հույս է հայտնել, որ Լիբանանում զինադադարը կարող է հանգեցնել խաղաղության հաստատմանը ողջ Մերձավոր Արևելքում և թույլ կտա դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում, որտեղ իսրայելցի զինվորականները կռվում են ՀԱՄԱՍ խմբավորման դեմ։
Նայեմբերի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես ասել է, որ Լիբանանում զինադադարը կարող է մոտեցնել խաղաղությունը Գազայի հատվածում։
«Նպատակներից մեկը, որ ՀԱՄԱՍ-ն ուներ ի սկզբանե, մյուսներին ներքաշելն էր ռազմական գործողությունների մեջ՝ բազմաթիվ ճակատներ ստեղծելու համար, և քանի դեռ կարծում էր, որ դա հնարավոր է, սա մնում էր այն պատճառներից մեկը, որ նա ձեռնպահ մնաց անհրաժեշտ քայլերից հակամարտությունը դադարեցնելու համար»,- ասել է Բլինքենը լրագրողներին Իտալիայում G7-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
Բլինքենը վստահեցրել է, որ Բայդենի վարչակազմն աշխատում է Դոնալդ Թրամփի անցումային թիմի հետ՝ Լիբանանի համաձայնագիրը կյանքի կոչելու համար։
Ամերիկյան CBS հեռուստատեսային ցանցը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Թրամփի թիմը տեղեկացվել է համաձայնագրի էության մասին և հաստատել այն։
Ինչ է ներառված համաձայնագրում
Համաձայնագիրը նախատեսում է 60 օրվա ընթացքում իսրայելական զորքերը դուրս բերել Լիբանանից։
«Հըզբոլլահ»-ը պետք է դուրս բերի իր մարտիկներին ու զենքերը Կապույտ գծի (Իսրայելի և Լիբանանի միջև ոչ պաշտոնական սահման) և Լիտանի գետի միջև ընկած տարածքից, որը գտնվում է սահմանից մոտ 30 կմ հեռավորության վրա։ Լիբանանյան բանակի զորքերը ստիպված կլինեն վերահսկողության տակ առնել այս տարածքը։
Նոր համաձայնագիրը հիմնականում նման է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևին, որն ընդունվել է 2006 թվականին և վերջ դրել Իսրայելի պատերազմին «Հըզբոլլահ»-ի հետ, սակայն ունի ավելի մեծ միջազգային աջակցություն:
Համաձայնագիրը թույլ կտա Իրանի կողմից աջակցվող խմբին հետ մղել Իսրայելի հետ սահմանից և ուժեղացնել լիբանանյան բանակի կանոնավոր զորքերը, որոնք իսրայելական զորքերի դուրսբերումից հետո կտեղակայվեն սահմանի երկայնքով։
Համաձայնագիրը ներառում է զինադադար և Իսրայելի կողմից ստեղծված հարավային Լիբանանում բուֆերային գոտու վերացում։
