Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. հոկտեմբերին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը. «Լույս» հիմնադրամ
«Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին:
Արդյունաբերության և արտահանման աճերը հիմնված են ՀՀ տնտեսության հետ քիչ կապ ունեցող գործոնների վրա: Ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման կառուցվածքում բարձր աճ ապահովող գործոնը ոսկերչական գործունեությունն է, որը, ըստ էության, վերաարտահանում է։
Առանց այդ գործունեության նպաստման, ընդհանուր արդյունաբերությունն անկում է ապրել 0.4%-ով, իսկ արտահանումը` 8.4%-ով։ Սա ՀՀ տնտեսության արդյունաբերական և արտահանելի հատվածի իրական միտումն է, ինչը բնականաբար մտահոգիչ է, և այս ուղղությամբ տնտեսական քաղաքականության ակտիվ քայլերի անհրաժեշտությունն առավել է մեծանում։
Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է։ Տնտեսական ակտիվության տեմպը աստիճանաբար դանդաղում է, ինչը նշանակում է, որ 2024թ. փաստացի իրական ՀՆԱ-ի աճը կլինի ավելի ցածր, քան բյուջեի հիմքում դրված 7.0%-ը (կառավարությունը նույնպես վերանայել է աճի կանխատեսումը դեպի ներքև)։
Սակայն բյուջեի եկամուտների և ծախսերի ներկա աճերի պահպանման պարագայում պակասուրդը կհասնի պլանավորված մակարդակին՝ ՀՆԱ-ի նկատմամբ լինելով ավելի բարձր, քան նախատեսվում էր։
Արդյունքում կառավարության պարտքի մակարդակը ևս կգերազանցի պլանավորված ցուցանիշը»։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով`https://shorturl.at/9QcDa ։
