Կգնամ, տեսնեմ՝ ինչ վիճակ եք ստեղծել, որ բնակիչների միակ խնդիրը դասարան անվանակոչելն է. վարչապետը՝ մարզպետին (տեսանյութ)

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը Կառավարության նիստի ժամանակ ասաց, որ ընդունում է վարչապետի արած դիտողությունը և նկատողությունը՝ կապված մարզի գյուղերից մեկի դպրոցի դասասենյակը ՀՀ ԶՈՒ-ում զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով անվանակոչելու հետ, որին մասնակցել է ինքը:

Մարզպետը նկատեց, որ անվանակոչումը եղել է գյուղի բնակչության պահանջով:

Արձագանքելով վարչապետը զայրացած ասաց՝ «գյուղի բնակիչները էլ դարդ չունեն հա՞», ապա շարունակեց.

«Եկեք անընդհատ հղումներ չանենք գյուղի բնակչության պահանջին: Ես մի օր կգնամ Վահրամաբերդ, հլը տենամ՝ էդ ինչ վիճակ եք ստեղծել, որ Վահրամաբերդի բնակիչները էլ ո՛չ պրոբլեմ ունեն, ո՛չ խնդիր, ո՛չ դարդ ունեն, ո՛չ ցավ, իրանց միակ խնդիրը դասարանը անվանակոչելն է: Անվանակոչեք դասարանը և վերջ, դա միակ բանն է, որ մեզ պակասում է երջանիկ լինելու համար, դադարեցրինք էս հարցի քննարկումը»:

Հիշեցնենք՝Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նախորդ շաբաթ Շիրակի մարզի գյուղերից մեկի դպրոցի մի դասասենյակի անվանակոչմանը ՀՀ ԶՈՒ-ում զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով, որին մասնակցել էր նաև Շիրակի մարզպետը: Վարչապետը դրանում ապապետականության տարր էր նկատել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...