Արյան, մեզի, մազի նմուշ ում պետք է՝ կարող եմ տալ, ստուգեն. Սարուխանյանը՝ թմրամիջոց օգտագործելու լուրերի մասին

«Խորհրդակցությունները Գյումրիում շարունակվում են, այս պահին դեռ որոշում չունեմ»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ նշելով, որ օրենքում հստակ գրված չէ, որ նման դեպքերում պաշտոնակատար է լինելու, իրենք պատրաստվում էին գնալ արագ արտահերթ ընտրությունների՝ առանց պաշտոնակատարի:
«Այն պահին, երբ հասկացանք, որ առանց ժամանակավոր պաշտոնակատարի և համայնքապետի չենք կարող գնալ ընտրության, քանի որ օրենքը թույլ չի տալիս, որոշում կայացվեց, որ պետք է օրենքում փոփոխություն կատարվի, և դա հենց եղավ՝ կնշանակվի համայնքապետ, և կգնանք ընտրության»,- ասաց Սարուխանյանը՝ հավելելով, որ օրենքի փոփոխությունն արդեն ընթացքի մեջ է:

Սարուխանյանի խոսքով՝ Գյումրիում կառավարման ճգնաժամ կա, հիմա էլ օր օրի խնդիրներն ավելանում են, օր առաջ քաղաքը պետք է կառավարում ունենա:

Անդրադառնալով թմրամիջոց օգտագործելու լուրերին՝ Սարուխանյանը ասաց, որ այդ թեմային բավական երկար անդրադարձել է. «Իմ հանձնած թեստի տվյալները հրապարակել եմ, ասեմ, որ այդ սուտ տեղեկություններով փորձել են ինձ վարկաբեկել։

Գյումրիում ինձ շատ լավ են ճանաչում, գիտեն նաև, որ նման արատավոր երևույթների դեմ թիվ մեկ պայքարողն եմ։ Ես էլի եմ հայտարարել, որ պատրաստ եմ հանձնել ցանկացած թեստ։ Ցանկացած արյան, մեզի, մազի նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան հանձնեն, ստուգեն»։

Ինչպես հայտնի է,հոկտեմբերի 28-ին «Բալասանյան» դաշինքը ունեցած 14 մանդատը վայր դնելու արձանագրություն էր ներկայացրել թիվ 31 ԸԸՀ:

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական էր տվել: Այսինքն՝ փաստացի Գյումրին չունի քաղաքապետ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ի սկզբանե հայտարարել էր, որ իրենց թեկնածուն ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է: Այնուհետև պարզ դարձավ, որ նա չի կարող լինել թեկնածու, քանի որ արտահերթ ընտրությունների համար համայնքապետի պաշտոնակատար է հարկավոր, որը որոշումներ կստորագրի:

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում Գյումրիում տեղի կունենան նախնական քվեարկություններ, կամ նախնական ընտրություն՝ բացատրելով դրա իմաստը:

You may also like...