Ադրբեջանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳՆ
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեչիլոն։
Այս մասին հայտնել են երկրի ԱԳՆ-ից՝ նշելով, որ հանդիպման ընթացքում դիվանագետին բողոք է արտահայտվել այն բանի համար, որ, չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է Երասխ և հանդիպել ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդների հետ։
Բաքվում հիստերիա են բարձրացրել այս հարցի առնչությամբ՝ հայտարարելով, թե «այս քայլը հակասում է ադրբեջանա-լեհական հարաբերություններին, և անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք շոշափում են Ադրբեջանի օրինական անվտանգության շահերը»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։
Ադրբեջանը կտրուկ է արձագանքել Լեհաստանի նախագահի այցելությանը հայ-ադրբեջանական սահման:
Երկրի արտաքին գործերի նախարարությունը սպառնալից հայտարարություն է տարածել և Անջեյ Դուդայի այդ այցը որակել որպես «հեռադիտակ-շոու»:
