Ռուսական միջուկային «հովանոց»-ն առաջին հերթին նախատեսված է ՀԱՊԿ երկրների համար. Շոյգու
Ռուսաստանի միջուկային «հովանոցը», համաձայն նորացված միջուկային դոկտրինի, տարածվում է հիմնականում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների վրա, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Առաջին հերթին, ես ուզում եմ ասել, որ հին դոկտրինը նախատեսում էր նաև այս հովանոցը, այդ թվում՝ մեր դաշնակիցների համար: Սա պարզ էր, հստակ նշված։ Ինչ վերաբերում է նոր դոկտրինին, բնականաբար, խոսքը, առաջին հերթին, ՀԱՊԿ երկրների մասին է։
Առանձին հավելում կա, բավական կարևոր, իմ կարծիքով, դա վերաբերում է Բելառուսին»,- նշել է նա՝ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակում։
Ըստ Շոյգուի՝ միջուկային զենքի կիրառման չափանիշներն այժմ դոկտրինալ են սահմանված, երբ Բելառուսի դեմ ագրեսիա է իրականացվում սովորական զենքերով, և երբ վտանգված է հանրապետության գոյությունը։
Նոյեմբերի 19-ին նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի պետական քաղաքականության նորացված հիմունքները հաստատելու մասին։
