ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման. տեսանյութ
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման, որին ներկա են գտնվել Ֆինլանդիայի ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին, ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ՀՀ կողմից հստակ արտահայտված քաղաքական կամքը։
Նախարար Միրզոյանը նշել է. «Հայաստանը գտնվում է յուրովի խաչմերուկում, որի ներուժն առավելագույնս օգտագործելու նպատակով մեր կառավարությունն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը՝ միտված տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակմանը և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը։»
