Ցուցարարները հավաքվել են Վրաստանի խորհրդարանի մոտ, Ռուսթավելիում երթևեկությունը կաթվածահար է
Հարյուրավոր մարդիկ հավաքվել են բողոքելու կառավարության որոշման դեմ, որը չի նախատեսում ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել առաջիկա չորս տարիներին: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Խորհրդարանի մոտ արդեն մոբիլիզացվել է ոստիկանությունը: Ռուսթավելիի կենտրոնական մուտքը փակ է մետաղյա ցանկապատերով։ Օրենսդիր մարմնում ներդրվել է անվտանգության կարմիր մակարդակ։ Շենքը հոսանքազրկված է, ներս են թողնում միայն աշխատակազմի ղեկավարի անցագրերով:
Հինգշաբթի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների բացման և Եվրամիության բոլոր բյուջետային դրամաշնորհներից հրաժարվելու հարցը մինչև 2028 թվականը օրակարգից հանելու մասին:
Այսօր նա փորձել է հանրությանը համոզել, որ իր հայտարարությունը սխալ են մեկնաբանել, իսկ արմատական ընդդիմությունը սկսել է ապատեղեկատվական արշավ, որում ներգրավված է եղել նույնիսկ ԵՄ-ում Վրաստանի դեսպան Պավել Գերչինսկին:
Վարչապետը պնդում է, որ իշխանությունները չեն հրաժարվում եվրոպական ուղեգծից, իսկ ԵՄ-ի հետ բանակցությունների վերաբերյալ որոշումը կոչված է երկիրը զերծ պահել դրսի շանտաժից: