Թրամփը Թրյուդոյին առաջարկել է Կանադան դարձնել ԱՄՆ 51-րդ նահանգը, վարչապետին էլ՝ նահանգապետ. Fox News
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ զրույցում կատակել է` առաջարկելով Կանադան դարձնել ԱՄՆ 51-րդ նահանգը, Fox News-ին հայտնել են աղբյուրները։
Հեռուստաալիքի զրուցակիցները մանրամասնել են, որ Թրյուդոն նորընտիր նախագահի՝ ԱՄՆ-ին միանալու առաջարկին պատասխանել է «նյարդային ծիծաղով»։
Քաղաքական գործիչների միջև զրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին, այն բանից հետո, երբ Թրամփը սպառնացել է 25% մաքսատուրք մտցնել Կանադայից և Մեքսիկայից ներկրվող բոլոր ապրանքների համար, եթե երկրների իշխանությունները չլուծեն անօրինական միգրացիայի և թմրանյութերի մաքսանենգության հետ կապված խնդիրները։
Թրամփը հայտարարել էր, որ արդեն հունվարի 20-ին՝ որպես գործող նախագահ, կստորագրի անհրաժեշտ փաստաթղթերը՝ այդ մաքսատուրքերը մտցնելու համար։
Ըստ Fox News-ի զրուցակիցների՝ Թրամփի հայտարարություններից հետո Ջասթին Թրյուդոն «առանց նախազգուշացման» թռել է Մար-ա-Լագո (Դոնալդ Թրամփի մասնավոր նստավայրը Ֆլորիդայում)՝ քննարկելու մաքսատուրքերի, անօրինական միգրացիայի և առևտրի դեֆիցիտի հարցը։
Հանդիպմանը ներկա երկու աղբյուրների համաձայն՝ Թրյուդոն նորընտիր նախագահին բացատրել է, որ մաքսատուրքի սահմանումը «կսպանի Կանադայի տնտեսությունը»։
«Այսինքն ձեր երկիրը չի՞ կարող գոյատևել, եթե ԱՄՆ-ից 100 միլիարդ դոլար չպոկի», — հարցրել է Թրամփը՝ նկատի ունենալով Կանադայի հետ ԱՄՆ առևտրային դեֆիցիտի չափը։ Դրանից հետո Թրամփը Թրյուդոյին առաջարկել է Կանադան դարձնել ԱՄՆ 51-րդ նահանգը, իսկ Թրյուդոյին՝ նահանգապետ։
