Երեկ ուզում էի անձամբ խեղդեի Աղազարյանին, ինչ իմացել եմ, ուղղակի շոկի մեջ եմ. Սիմոնյան (տեսանյութ)

«Վարչապետը հաճախ է հանդիպում խմբակցության հետ, հաճախ իր գործունեության, հարևան երկրի ղեկավարի հանդիպումներից մանրամասներ ներկայացնում խմբակցությանը, կոմունիկացնում է, և պարզվում է, որ դրա ընթացքում ինֆորմացիաներ կան, որ հայտնվել են մամուլում, բայց արդյոք ճի՞շտ է դա»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու պատճառներին:

«Գաղտնիության գրիֆ ունեցող և գաղտնի ինֆորմացիա կրող անձինք, ինչպիսիք են ՀՀ ԱԺ պատգամավորները, պետք է իմանան, որ կան իմֆորմացիաներ, որոնք իրենք իրավունք չունեն հրապարակել: Չեմ ուզում հիմա մանրամասների մեջ մտնել, բայց, որքան հասկանում եմ, պարոն Աղազարյանը շփումներ է ունեցել բոլոր հնարավոր մարդկանց հետ, ով իր հետ շփվել է»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին, թե վերջե՞րս են իմացել, նա արձագանքեց՝ կարելի է ասել 1-2 օր առաջ:

Սիմոնյանը նաև նկատեց՝ անձամբ շոկի մեջ է կուսակցության հրավիրած նիստում լսած ինֆորմացիայից:

«Երեկ մենք քննարկել ենք պարոն Աղազարյանի՝ կուսակցությունից դուրս գալու խնդիրը, մոտավորապես 1,5 ժամ տևած հարցի քննարկման ժամանակ մենք նույնիսկ չենք անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցածին, վարչապետի խնդրանքին՝ մանդատը վայր դնելու հետ կապված, այդ թեման նույնիսկ չի քննարկվել: Ես անձամբ շոկի մեջ եմ եղել, այն ինչ իմացել եմ երեկ:

Մինչև երեկ բոլոր հնարավոր ձևով փորձել եմ պարոն Աղազարյանին ինչ-որ ձևով պաշտպանել, բայց երեկ ուզում էի անձամբ իրեն խեղդել: Ցավում եմ, որ ինքը երեկ նաև չէր զղջում»,- ասաց նա:

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է կուսակցության շարքերից:

Կուսակցությունը որպես հիմնավորում նշել է, որ նա թույլ է տվել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքեր, ինչպես նաև՝ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ։

Ազգային ժողովի նիստի ժամանակ Աղազարյանը հայտարարել է, որ դուրս է գալիս կուսակցությունից՝ ներողություն խնդրելով կուսակիցներից:

You may also like...